ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է 2022 թ. Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. նոյեմբերի 16-ը:

Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. նոյեմբերի 16-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (labiennale@escs.am էլ. հասցեով) ներկայացնել հայտ (հայերեն և անգլերեն), որը կներառի հետևյալ փաստաթղթերը.

1) լրացված դիմում-հայտաձև (կցվում է),

2) համադրողի և արվեստագետների ինքնակենսագրությունները,

3) ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտ) նկարագիրը (2-5 էջ),

4) ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,

5) տեղեկություն հայտատուի կողմից համաֆինանսավորման մասին:

Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թ. ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ «The Milk of Dreams» խորագրի ներքո: Ցուցահանդեսի մանրամասները հասանելի են https://www.labiennale.org/en/art/2022 հղմամբ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել Մարիամ Գիգոյանին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետին, հեռ.՝ +37410599648, էլ. հասցե՝ labiennale@escs.am

Տեղեկացնենք, որ Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության համար մրցույթի անցկացման կարգը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 14.10.2021 թիվ 1705-Ա/2 հրամանով, իսկ վերջնաժամկետի փոփոխությունը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. նոյեմբերի 4-ի թիվ 1794-Ա/2 հրամանով: