«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ընթերցանությունը» նախագիծը` նախատեսված տարրական դպրոցի սովորողների համար:

Այն իրականացվում է որպես տարրական դպրոցում ընթերցանության ուսուցման արդյունքները գնահատելու և դրա հիման վրա հետագա գործողությունները պլանավորելու գործընթաց և նպատակ ունի բարելավելու հանրակրթության տարրական աստիճանում սովորողների ընթերցանության որակը:

«Ընթերցանությունը» նախագիծն իրականացվում է ըստ մարզերի՝ յուրաքանչյուր մարզից ընդգրկելով առնվազն 5 դպրոց:

Մեկնարկը` Արմավիրի մարզից

Մեկնարկը տրվել է Արմավիրի մարզի 5 դպրոցներից (Նորավան, Սարդարապատ, Բամբակաշատ, Մեծամոր և Մյասնիկյան համայնքների դպրոցներ), որոնք արդեն ստացել են սովորողների ընթերցելու կարողությունները գնահատող գործիք, որի միջոցով ստուգվում է երկրորդ դասարանցիների ընթերցանությունը։

«Արդյունքները վերլուծելու ենք ուսումնական հաստատությունների հետ համատեղ: Հաշվի առնելով արդյունքները` ձեռնարկվելու են իրավիճակի բարելավման գործողություններ, որոնցում գործառույթներ ունեն դասվարը, մեթոդմիավորման նախագահը, տնօրենի տեղակալը, դպրոցի տնօրենը և, իհարկե, ծնողը»,- ներկայացնելով նախագիծը` նշում է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:

Նա նաև նկատում է, որ հանրակրթության բարեփոխման գործընթացում կարևորագույն հիմնախնդիր է դարձել սովորողների ընթերցանության որակի և ընթերցողական հմտությունների ցածր մակարդակը: Որպես հետևանք` դրանից բխող խնդիրներ են առաջանում հանրակրթական բոլոր առարկաների դասավանդման և ուսումնառության ընթացքում, քանի որ ընթերցանության հմտություններն անմիջականորեն ազդում են սովորողների ուսումնառության արդյունավետության և մոտիվացիայի վրա։ Այս առումով առաջնային անհրաժեշտություն է դառնում հանրակրթության բոլոր աստիճաններում սովորողների ընթերցանության խրախուսումը։

Մշակվել է նոր ուղեցույց

«ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները մշակել են ինքնազարգացնող, ընթերցանության բարելավմանը նպաստող մեթոդական ուղեցույց, որը կազմված է խնդիրների լուծման բաժիններից։ Դպրոցը կարող է ընտրել մեթոդական ուղեցույցի այս կամ այն բաժինը` փորձելով լուծել առաջադրված խնդիրները։

Հաշվի առնելով, որ նախագծի հիմնական նպատակը տարրական դպրոցում ընթերցանության դրվածքի և վիճակի ուսումնասիրությունն է` ուղեցույցում նկարագրված են հետազոտության մասնակիցների աշխատանքները: Մասնավորապես, նկարագրված են դասվարի աշխատանքը և այն մեթոդները, որոնք նա կարող է կիրառել սովորողների ընթերցանությունը բարելավելու նպատակով, ինչպես նաև տրված են ցուցումներ գրադարանավարի և ծնողի դերի վերաբերյալ:

Յուրաքանչյուր ամսվա վերջում նախագծում ընդգրկված դպրոցներում տրված գործիքի միջոցով ստուգվում է սովորողների ընթերցանությունը: Արդյունքները համեմատվում են նախորդ ամսվա արդյունքների հետ, այնուհետև քննարկվում են մեթոդական միավորման և մանկավարժական խորհրդի նիստերում։

Հաջորդաբար «ԿԶՆԱԿ»-ի հետ համագործակցելով՝ մշակվում է դասվարին օգնելու ռազմավարություն։

«ԿԶՆԱԿ»-ի տնօրենի պաշտոնակատարի տեղեկացմամբ` ծրագիրը կամփոփվի ուսումնական տարվա վերջում, սակայն այն չի ավարտվի, այլ կդառնա դպրոցի ամենօրյա աշխատանքի մաս։

Դպրոցները չեն մրցում, համագործակցում են

Արտաշես Թորոսյանի խոսքով` «Ընթերցանությունը» նախագծի շրջանակում իրար հետ աշխատում են նույն մարզի նվազագույնը հինգ դպրոցներ։ Դպրոցները, ըստ «ԿԶՆԱԿ»-ի տնօրենի պաշտոնակատարի, չեն մրցում, այլ համագործակցում են, և ծրագրի շրջանակում ունեն ընդհանուր մեթոդմիավորում։

«Նրանք միասին քննարկում են առաջացող խնդիրները, կատարում փորձի փոխանակում։ Ուսումնական տարվա վերջում յուրաքանչյուր դպրոց համագործակցում է մեկ այլ դպրոցի հետ և այդ կերպ տարածում մեթոդը»,-ամփոփում է Թորոսյանը` հավելելով, որ նախատեսում են հանրապետության բոլոր մարզերում ձևավորել հինգական դպրոցներով խմբեր, սակայն եթե ծրագրին միանալու ցանկություն ունեցողներն ավելի շատ լինեն, կձևավորվեն ավելի մեծ թվով դպրոցների խմբեր։

Նշենք, որ «Ընթերցանությունը» նախագիծն Արմավիրի մարզի հինգ դպրոցներում մեկնարկել է հոկտեմբերի 11-ից։ Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար «ԿԶՆԱԿ» հիմնադրամի մասնագետները հոկտեմբերի վերջին տասնօրյակում նախագծին մասնակցող դպրոցների համար իրականացրել են սեմինար։

Այս պահին «Ընթերցանություն» նախագծին միանալու ցանկություն են հայտնել նաև Գյումրիի հինգ դպրոցներ, որոնց համար «ԿԶՆԱԿ»-ի փորձագետները նոյեմբերի 3-ին իրականացրել են վերապատրաստում: