Կառավարության՝ նոյեմբերի 4-ին կայացած նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջար­կությունը: Ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանի գիտնականներն ու գիտական խմբերը համաշխարհային մակարդակի և նշանակության գիտական հետազոտությունների անմիջական մասնակիցը դառնալու հնարավորություն են ստանում:

«Այսինքն` մեր գիտնականների հետազոտական հայտերը կֆինանսավորվեն ԵՄ կողմից, ավելին, նրանց հասանելի կլինեն ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքները, ինչը շատ կարևոր է գիտության զարգացման տեսանկյունից: Հնարավորություններ են նախատեսված բարձր տեխնոլոգիական ոլորտի ստարտափերի, փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության համար: Մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին կապահովի եվրոպական գիտական տարածքում Հայաստանի ինտեգրման շարունակականությունը»,- նշել է նախարարը` տեղեկացնելով, որ գործընթացը սկսվել է դեռևս 2016 թվականից` «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցությամբ: «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը համարվում է «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրի շարունակությունը: Ասոցացված անդամի կարգավիճակը հնարավորություն կտա Հայաստանից ներկայացված և ընդունված հայտերի համար ակնկալելու գիտական դրամաշնորհների տրամադրում:

Նախարար Վահրամ Դումանյանի խոսքով` նախատեսվում են մի շարք թիրախային միջոցառումներ, որոնք կնպաստեն ԵՄ հիշյալ ծրագրին Հայաստանի գիտական հանրույթի մասնակցության ընդլայնմանը:

«Մասնավորապես նախատեսում ենք գիտական հանրության իրազեկվածության բարձրացում, հայտերի լրացման խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն, ազգային մակարդակում «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կոորդինացնող և կոնտակտային անձանց ինստիտուտի ակտիվացում և այլն»,- նշել է նա` հույս հայտնելով, որ նշված միջոցառումները կնպաստեն, որ ՀՀ գիտնականներն ու գիտական խմբերը ծրագրին մասնակցեն ավելի բարձր որակական չափանիշների բավարարող հայտերով:

Վահրամ Դումանյանը տեղեկացրել է նաև, որ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին մասնակցելու ֆինանսական պարտավորություններն իրականացվելու են ՀՀ պետական բյուջեով գիտության ոլորտին հատկացվող ամենամյա միջոցների հաշվին: Կախված մեր գիտնականների ակտիվությունից` անդամության վճարի մի մասը` մինչև 50 տոկոսը, կարող է վերադարձվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գիտության ոլորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է. 2022 թվականի պետական բյուջեի նախագծով՝ գիտության ոլորտի հատկացումներն ավելացվել են 83 տոկոսով, իսկ թեմատիկ հետազոտությունների ֆինանսավորման ծավալն ավելացվելու է 2,5 անգամ` կազմելով 6,7 մլրդ դրամ: Գիտությանը, մասնավորապես կիրառական գիտության ծրագրերին ուղղված պետական հատկացումներ են նախատեսված նաև այլ պետական գերատեսչությունների, օրինակ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պետական ֆինանսավորման շրջանակում: