«ՉԱՐԵՆՑ-125» հոբելյանական տարվան ընդառաջ՝ «Արար» կենտրոններում մեկնարկել է «Իմ Չարենցը» նախագիծը։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ժողովրդական արվեստների թանգարանը և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ-ն նախաձեռնել են «Իմ Չարենցը» նախագիծը։ Այն կազմակերպվում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանական տարվա շրջանակում։ Նախագիծը միտված է տարբեր շնորհներ ունեցող երեխաների և պատանիների շրջանում Չարենց բանաստեղծին, ստեղծագործող անհատին և յուրօրինակ մարդուն բացահայտելուն:

ՀՀ 6 մարզերում գործող «Արար»-ի 21 կենտրոնների շուրջ 600 սաներ տարվա ընթացքում կստեղծագործեն չարենցյան ներշնչանքով։

Նախագծի մեկնարկն արդեն իսկ տրվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդավան սահմանապահ համայնքներում գործող «Արար» կենտրոններում։ Նախագծի մեկնարկին «Արար»-ի սաները և Բերդավանի մշակույթի տան գրադարանը ստացել են չարենցյան գրքեր։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցները իրենց ընտրած գրքերը և Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի մակագրությամբ էջանշանները նվիրել են «Արար» կենտրոնների գրադարաններին: Այդ գրքերը եղան գրադարանների առաջին գրքերը։

Հոբելյանական տարին կամփոփվի նախագծի ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների ցուցահանդես-միջոցառմամբ։