ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր հայտարարել է ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը:

Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Հրազդանը, որը հավաքել է առավելագույն միավորներ: 2022 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել չորս քաղաք՝ Ալավերդին, Արմավիրը, Եղեգնաձորը և Հրազդանը։

Կազմկոմիտեի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել կազմկոմիտեի անդամներին, փորձագետներին և քաղաքների աշխատակազմերի ներկայացուցիչներին՝ կատարած հսկայական աշխատանքի համար:

«Սա ցույց է տալիս տեղական ինքնակառավարման մարմինների նախանձախնդրությունը՝ օգտագործել այս լրացուցիչ հնարավորությունը՝ համայնքում երիտասարդական կյանքն աշխուժացնելու համար: Սա նաև ՀՀ կառավարության գերակայություններից է՝ տարածքային համաչափ զարգացման և տարածքների խելամիտ կառավարման տեսանկյունից: Այսինքն՝ անել հնարավորը, որ անկախ իր բնակության վայրից՝ ՀՀ ցանկացած քաղաքացի ունենա հնարավորինս հավասար հնարավորություններ»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ մրցույթը եղել է պարզ, թափանցիկ և մասնակցային գործընթացով ու ապահովվել է օբյեկտիվության բարձր մակարդակ:

Նրա խոսքով՝ տարվա երիտասարդական քաղաքի շրջանակում անցկացվող միջոցառումները պետք է ուղղված լինեն մշակութային կյանքի աշխուժացմանը, երիտասարդների կարողությունների զարգացմանը և նրանց մասնակցության ակտիվացմանը:

Մրցույթի ընթացակարգը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Նա նշել է, որ մրցույթի փորձագիտական հանձնաժողովի ձևավորման նպատակով նախարարությունը հայտարարել էր մրցույթ, որին մասնակցել են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, ովքեր ուղղակի կամ անուղղակի առնչվում են երիտասարդության ոլորտին և պետական քաղաքականությանը:

Արդյունքում՝ ընտրվել են հանձնաժողովի 5 անդամներ, իսկ մյուս 5 անդամներին ներկայացրել է մրցույթի շրջանակում ծառայություն մատուցող «Ֆիչըր» կազմակերպությունը: Քվեարկությանը նախորդել են փորձագիտական հանձնաժողովի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպել են համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակազմերի հետ, ուսումնասիրել հայտերում ներկայացված ծրագրերի համապատասխանությունը երիտասարդական պետական քաղաքականության առաջնայնություններին, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ: Քննարկվել են համայնքային երիտասարդական ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգիստ կազմակերպող հաստատությունների ներուժն ու հնարավորությունները:

Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացրել է իր գնահատման արդյունքները, ինչպես նաև նկատառումները և առաջարկությունները:

Հայտերի գնահատման երկրորդ փուլը՝ SMS քվեարկությունը, ավարտվել է հոկտեմբերի 31-ին. 20 օր շարունակ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին:

Երկու փուլերի արդյունքների ամփոփումից հետո նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Հրազդանի ներկայացուցիչներին՝ նշելով, որ հաղթանակը նաև մեծ պատասխանատվություն է: Փոխնախարարը վստահեցրել է, որ ողջ տարվա ընթացքում նախարարությունը կանի հնարավորը՝ երիտասարդական կազմակերպությունների, միջազգային և տեղական գործընկեր կառույցների երիտասարդական, կրթական և մշակութային միջոցառումներն ուղղորդելու դեպի տարվա երիտասարդական քաղաք:

Հաղթող և մասնակից բոլոր չորս քաղաքների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել՝ մրցույթը բարձր մակարդակով կազմակերպելու համար, և ընդգծել, որ հաշվի կառնեն փորձագիտական հանձնաժողովի բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակն է նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խրախուսել համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն, աջակցել մարզային երիտասարդական կազմակերպությունների ու ենթակառույցների առաջխաղացմանը, զարգացնել երիտասարդական նախաձեռնողականությունը, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում: