Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանն անցել են հաջորդ փուլ: Ի դեպ, Բազեյանը 1/8 եզրափակիչ է դուրս եկել՝ դարձյալ առանց մենամարտ անցկացնելու։

Եվրոպայի Մ22 տարեկանների հաղթողը 1/16 եզրափակչում պետք է մենամարտեր չինական Թայբեյի ներկայացուցիչ Պո-Յի Չենի հետ, սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել մենամարտին, ու հաղթանակը շնորհվել է Արթուր Բազեյանին։ Ավելի վաղ, 1/32 եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը՝ Պուերտո Ռիկոն ներկայացնող Ռիվերա Պիզարոն չէր կարողացել կարգավորել քաշը, և հայ բռնցքամարտիկն անցել էր հաջորդ փուլ:

1/8 եզրափակչում Բազեյանի մրցակիցը Կուբան ներկայացնող Օսվել Գարսի Կաբալերոն է․ մենամարտը կկայանա նոյեմբերի 1-ին։

Ինչ վերաբերում է Դավիթ Չալոյանին, ապա գյումրեցի բռնցքամարտիկին 1/16-րդ եզրափակչում բավականին բարդ մրցակից էր բաժին հասել՝ ի դեմս Ուկրաինան ներկայացնող Ցոնտե Ռոգավայի։ Առաջին ռաունդում Չալոյանը հաղթել է 3:2 հաշվով: Երկրորդ ռաունդում Դավիթն ավելի է մեծացրել իր առավելությունը: Երրորդ ռաունդում ուկրաինացի բռնցքամարտիկը նետվել է առաջ. այս ռաունդը բավականին բարդ է ստացվել, քանի որ երկու բռնցքամարտիկներն էլ միմյանց շատ ուժգին հարվածներ են հասցրել, բայց Չալոյանը շատ ավելի լավ է դիմավորել մրցակցին և նրան բռնել է հենց իր գրոհի վրա: Արդյունքում այս ռաունդում էլ մրցավարներն առավելությունը տվել են Չալոյանին, և մեր մարզիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

1/8 եզրափակչում Չալոյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Քրիստան Սալգադոյի հետ:

67 կգ քաշայինների պայքարում երեկ իր երկրորդ մենամարտն է անցկացրել Գուրգեն Մադոյանը. 1/16 եզրափակչում նա մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Դամիան Դուրկաչի հետ և պարտություն կրել 1-4 հաշվով:

Գուրգեն Մադոյանը պայքարը սկսել էր 1/32 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթանակ էր տարել Սլովենիայի ներկայացուցիչ Ալջազի Սիրցելի նկատմամբ:

Բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայաստանի ժամանակով 16:00-ին ասպարեզ դուրս կգա 54 կգ քաշային Վահե Բադալյանը: Մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունգն է:
Երեկոյան ժամը 20:00-ին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը կմրցի Մալին ներկայացնող Աբդուլ Կարիմ Բատհիլի հետ, իսկ 22:00-ին 71 կգ քաշային Արման Դարչինյանը կմենամարտի Ղրղզստանը ներկայացնող Նուրադին Ռուստամբեկի հետ: