ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը՝ տնօրեն Անուշավան Աբրահամյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ ներդրած մեծ ավանդի համար: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավորը՝ ՄԿՈՒ ոլորտի դասախոսների և վարպետների համար աշխատանքային առավել գրավիչ պայմաններ ապահովելու համար: Նախարարի խոսքով՝ ներկայում ծրագրեր են իրականացվում՝ ուսումնարաններում և քոլեջներում, տեսական դասընթացին զուգահեռ, ավելացնելու գործնական դասընթացների թիվը:

Անուշավան Աբրահամյանն իր հերթին նշել է, որ անկախությունից հետո ՀՀ ՄԿՈՒ համակարգին պատշաճ ուշադրություն չի դարձվել, այդ պատճառով ինքը որոշել է աջակցություն տրամադրել հենց այդ ոլորտի զարգացմանը: Բարերարի հավաստմամբ՝ իրականացված ծրագրերն ուղղված են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում մարզերի երիտասարդների հմտությունների և կյանքի որակի բարելավմանը, ինչն էլ իր հերթին հայրենի մարզում մնալու և իրենց մասնագիտությամբ պահանջարկ ունեցող աշխատանք գտնելու նոր հնարավորություններ է ստեղծում: Անուշավան Աբրահամյանն ընդգծել է, որ հետևողական է լինելու 2006 թվականից ի վեր ՀՀ 9 ուսհաստատություններում իր կողմից իրականացվող ծրագրերի շարունակական բարելավման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսումնական հաստատություններում առկա ենթակառուցվածքներն ու սարքավորումներն առավել արդյունավետ օգտագործելու և դրանք ուսումնական գործընթացին ինտեգրելու, ինչպես նաև դասախոսների և վարպետների որակավորման բարձրացման խնդիրներին: Կողմերը քննարկել են նաև հետագա հնարավոր համագործակցության հեռանկարները:

Նշենք, որ որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն՝ հիմնադրման օրվանից «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» հիմնադրամն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում: Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել ՀՀ բոլոր մարզերի 9 արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ Վայոց ձորի, Տավուշի ու Սյունիքի տարածաշրջանային, Արարատի, Վարդենիսի, Արմավիրի ինդուստրիալ մանկավարժական ու Վանաձորի պոլիտեխնիկական պետական քոլեջներին, ինչպես նաև Հրազդանի և Մարալիկի արհեստագործական ուսումնարաններին:

Ներկայում հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստանում են ՄԿՈՒ հաստատություններին խոհանոցային և համակարգչային սարքավորումների տրամադրման հարցերով: