Հոկտեմբերի 23-24-ը Դիլիջանում տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողովը»։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովն այս տարի կրել է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Աշխարհի տարբեր երկրներից գագաթնաժողովին մասնակցած քաղաքական և տնտեսական, գիտական և տեխնոլոգիական շրջանակի, փորձագիտական և վերլուծական հանրույթի հայտնի ներկայացուցիչները երկու օր քննարկել են գագաթնաժողովի հիմնական երկու թեմաները՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն ու տեխնոլոգիական զարգացումները:

Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը հայտարարել են հաջորդ տարի Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման մասին։

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ հազարավոր մասնակիցներ գալու են Հայաստան՝ մասնակցելու գիտության, արվեստի և երաժշտության փառատոնին։

«21-րդ դարում դրանք փոխկապակցված են։ Դա լավագույն ձևն է քաջալերելու մեր երիտասարդներին, որովհետև նրանց ապագան, նրանց ընտանիքների ապագան, Հայաստանի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների, գիտության հետ։ Մեր երկրի ամենամեծ հարստությունը մարդիկ են, տաղանդավոր մարդիկ: Լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթելն ու քաջալերելն է, որ նրանք իսկապես ապագա ունեն և՛ Հայաստանում, և՛ աշխարհում»,- նշել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ «STARMUS»-ը լինելու է փառատոն ոչ միայն աստղագիտության, աստղագնացության, այլև ընդհանրապես ժամանակակից գիտության մասին՝ աստղագիտությունից, ֆիզիկայից մինչև կենսաբանություն և արհեստական բանականություն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ևս կարևորել է Հայաստանում «STARMUS»-ի անցկացումը. «Ներկայում մեր հասարակությունը բարձրացնում է անվտանգությանը վերաբերող շատ հարցեր։ Անվտանգության լավագույն երաշխիքը զարգացած գիտություն, կրթություն, մշակույթ ունենալն է և այս դաշտում առաջատար լինելը, ինչը կապահովի մեր հզորացումը, մեր անվտանգությունը։ Այս փառատոնը հասանելի կլինի բացառապես բոլոր ցանկացողներին»:

Ներկայացնելով «STARMUS»-ը՝ փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանն ասել է, որ այն արդեն իսկ երկու անգամ ճանաչվել է որպես աշխարհի լավագույն գիտական փառատոն։

«ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում գիտական ձևաչափը շատ լավ ճանաչված է, սակայն Հայաստանում ոչ մի անգամ չի եղել գիտական փառատոն։ Փառատոնի հիմնական նպատակը հասարակությունը և գիտությունը միացնելն է, որովհետև շատ մեծ անջրպետ կա, որը գնալով մեծանում է։ Այսօր մենք հայտարարում ենք առաջին 30 մասնակիցներին, որոնց մեջ են 8 Նոբելյան մրցանակակիրներ, առաջին հայ աստղագնացը NASA-ից՝ Ջիմ Պաղյանը, որն առաջին անգամ կայցելի Հայաստան, Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը և այլոք»,- ասել է Գարիկ Իսրայելյանը՝ տեղեկացնելով, որ աստղագիտությունը փառատոնի 20 տոկոսն է կազմելու, մնացածը բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ֆիզիկայի, ծրագրավորման և այլնի մասին է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը «STARMUS»-ը համարել է համագործակցության լավ օրինակ. «Սա լավագույն օրինակն է, թե ինչպես դրսում աշխատող մեր ընկերներն անձնական նախաձեռնությամբ եկել են Հայաստան՝ Կառավարության համաձայնությամբ ու նախագահի հովանավորությամբ անցկացնելու հեղինակավոր այս փառատոնը։ Որպես Կառավարություն՝ մենք ուզում ենք հանրությանը ներկայացնել, որ մեր տրամադրությունները միտված են ապագային»:

Հիշեցնենք, որ «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այն նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:

«STARMUS» փառատոնը Հայաստանում լինելու է շատ մատչելի և հասանելի ուսանողների, դպրոցականների և առհասարակ բոլոր քաղաքացիների համար: «STARMUS»-ը կմշակի նաև անվճար ծրագիր բաց տարածքներում, դպրոցներում և համալսարաններում` նպատակ ունենալով փառատոնի գործողություններում ներգրավել մինչև 100.000 ՀՀ քաղաքացիների: Հայաստանում «STARMUS» փառատոնի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել 3.000-5.000 այցելու Եվրոպայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: