Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։

Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո։

Հոբելյանական ծրագրին ներկա էին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը, դեսպանատան անձնակազմը, անգլիական եկեղեցու հոգևոր հովիվ, Սբ Քաթսբերթ եկեղեցու հոգևորական Փոլ Բեգոտը, ՄԹ-ում Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ սրբազան Հովակիմ Մանուկյանը, Լորդերի պալատի անդամները, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Վարդան Ալթունյանը, հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից և Թագավորական երաժշտական քոլեջի կոլեկտիվից։

Երեկոյի ընթացքում ընթերցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի շնորհավորական ուղերձը։

Համերգին մասնակցել են միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ՝ դաշնակահարներ Յուլյա Չապլինան (Ռուսաստան), Սթավրոս Դրիթսասը (Հունաստան), Մարի Փալազյանը (Լիբանան-Անգլիա), մեներգիչներ՝ սոպրանո Անդրիանա Յորդանովան (Մալթա), մեցցո-սոպրանո Հելեն Ռոթշելը (Անգլիա), սոպրանո Հայարփի Եղիկյանը (Հայաստան-Անգլիա), ջութակահար Անի Բադիկյանը (Անգլիա-Հայաստան), «Քլինգեն» երգչախումբն ու կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ:

Նշենք, որ Սիփան Օլահը հանդես է եկել նաև որպես մեներգիչ (տենոր) և դաշնակահար: Ի դեպ, այս համերգով հիմք է դրվել «Քլինգեն» կամերային նվագախմբին: Համերգը նվագախմբի անդրանիկ ելույթն էր:

Համերգի ընթացքում հնչել են Սպենդիարյանի ու Բաբաջանյանի բազմաթիվ ստեղծագործություններ։ Ի դեպ, Ա. Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը ՄԹ-ում համերգային կատարմամբ հնչել է առաջին անգամ (փոխադրումը կամերային կազմի համար՝ Սիփան Օլահի)։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են անգլահայ հայտնի նկարիչներ Լեոնի Պիլարտի և Աննա Վիրաբյանի կտավները՝ նվիրված մեծ կոմպոզիտորների երաժշտական ժառանգությանը։