Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Չեխիայի հեղինակավոր «Մորավյան աշուն» (Moravský podzim) 51-րդ միջազգային փառատոնում հանդես է եկել եզրափակիչ համերգով:

Ֆիլհարմոնիկ նվագախումբը, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կատարել է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ծրագիր. Տիգրան Մանսուրյան «... and then I was in time again» ալտի և կամերային նվագախմբի համար, Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 3, Արամ Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2:

Մենակատար՝ Լուկա Ռանիերի, ալտ (Իտալիա): Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Համերգը տեղի է ունեցել Չեխիայի Բռնո քաղաքում՝ Յանաչեկի անվան թատրոնում, որը Բռնոյի Ազգային օպերային թատրոնի մասնաշենքերից է։

Փառատոնի կազմակերպիչների ընդգծմամբ՝ հայկական երաժշտությունն այս տարվա «Մորավյան աշուն» փառատոնի գլխավոր թեմաներից մեկն էր: Համերգից հետո Բռնոյի Ֆիլհարմոնիայի տնօրեն Մարի Կուչերովան նշել է, որ հրավիրելով Հայաստանի ֆիլհարմոնիկին՝ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայաստանին՝ որպես երաժշտական հարուստ ավանդույթներով երկրի, հատկապես, երբ Հայաստանի Հանրապետությունն այս տարի նշում է իր անկախության 30-ամյակը: