Հաստատվել է պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթում ֆինանսավորման համար երաշխավորված թեմաների ցանկը:
Ֆինանսավորման է երաշխավորվել 2-5 կատարող ունեցող 224 գիտական թեմա, այդ թվում՝ 84-ը՝ «Բնական գիտություններ», 41-ը՝ «Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ», 11-ը՝ «Բժշկական գիտություններ», 22-ը՝ «Գյուղատնտեսական գիտություններ», 27-ը՝ «Հասարակական գիտություններ» և 39-ը՝ «Հայագիտություն ու հումանիտար գիտություններ» բնագավառներից:
Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի այս մրցույթը նախորդներից տարբերվում է: Հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհները տրամադրվելու են մինչև 3 տարի տևողությամբ: Խստացվել են խմբերի ղեկավարներին ներկայացվող պահանջները, խմբերից պահանջվելու են ավելի շոշափելի գիտական արդյունքներ. թեմաների իրականացման ընթացքում խմբերը միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում պետք է ունենան բարձր վարկանիշ ունեցող հրապարակումներ: Այս պայմանի շրջանցումը կազդի Գիտության կոմիտեի կողմից հետագայում հայտարարվելիք մրցութային ծրագրերին գիտահետազոտական խմբի անդամների ներկայացրած գիտական թեմաների փորձագիտական գնահատականի վրա: Մրցույթը նախորդներից տարբերվում է նաև ֆինանսավորվող թեմաների աննախադեպ մեծ քանակով:
Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2021 թվականի հոկտեմբերից:

Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքները հայտնի են
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:
Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթը կազմակերպվում է առաջին անգամ և աննախադեպ է տրամադրվող գումարի, թեմայի տևողության և խմբերում ներգրավված գիտաշխատողների առումով: Մրցույթի արդյունքում ս.թ. հոկտեմբերից սկսած մինչև 5 տարի տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն առաջատար գիտաշխատողների ղեկավարությամբ ձևավորված, 6-7 անձից բաղկացած 49 գիտահետազոտական խմբերի, որոնք գործում են ՀՀ-ում:
Այլ մրցույթների համեմատ՝ այս մրցույթի նպատակը ոչ միայն բեկումնային գիտական ուղղություններով հետազոտությունների իրականացումն է, այլև գիտական դպրոցի պահպանումն ու զարգացումը և առաջատար գիտնականների կողմից փորձի փոխանակման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այդ նկատառումով էլ այս մրցույթի դեպքում խմբերի ղեկավարների համար առավելագույն տարիքային շեմ սահմանված չէ, իսկ խմբերի անդամներից առնվազն երկուսը 35 և ցածր տարիքի են: Բացի դրանից՝ խմբերը հնարավորություն ունեն թեմայի մեկնարկից 12 ամիս անց կազմը համալրելու ևս երկու երիտասարդ մասնակիցներով (մագիստրանտներ): Վերջիններիս վարձատրելու համար Գիտության կոմիտեն կհատկացնի լրացուցիչ միջոցներ:

Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթում կարևորվել է նաև միջազգային գիտական կապերի խորացման գործոնը
Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր, որը թեմայի իրականացման ժամանակահատվածում պետք է առնվազն 30 օր գտնվի ՀՀ-ում և նույնքան ժամանակ էլ իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի ներկայացուցիչներին:
Խմբերի առջև դրված պարտադիր պահանջներից են թեմայի իրականացման ընթացքում միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումներն ու միջազգային հետազոտական դրամաշնորհների ներգրավումը (յուրաքանչյուր շնորհառուից ակնկալվում է 30 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում), թեմային առնչվող գիտահանրամատչելի նյութերի ստեղծումն ու տարածումը:
Նախագծի իրականացման ընթացքում կատարվելու է առաջընթացի տարեկան գնահատում, իսկ մեկնարկից երեք տարի անց՝ խմբի եռամյա գործունեության միջանկյալ գնահատում, որից հետո կորոշվի հաջորդող երկու տարիներին թեմայի ֆինանսավորումը շարունակելու նպատակահարմարությունը:
Այսպիսով, մրցույթը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել առաջատար գիտնականների մասնագիտական ներուժը, ստեղծում է երիտասարդ գիտնականների մասնագիտական աճի նպաստավոր պայմաններ, ինչպես նաև հնարավորություն է տալիս շահելու միջազգային նոր դրամաշնորհներ։