ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի արդյունքները:

Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը, ըստ գիտելիքիների ստուգման արդյունքում ստացած միավորների՝ կստանա 30-50 տոկոս հավելավճար:

Առարկայական գիտելիքների ստուգումներն անցկացվել են 2021 թվականի սեպտմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

«Հայոց լեզու» առարկայից գիտելիքի ստուգմանը մասնակցել են 303 ուսուցիչներ, որոնցից, ըստ հավաքած միավորների, հավելավճար կստանա 41 տոկոսը, «Աշխարհագրություն» առարկայից մասնակցել է 84 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 20 տոկոսը, «Կենսաբանություն» առարկայից մասնակցել է 89 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 26 տոկոսը, «Քիմիա» առարկայից մասնակցել է 90 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 11 տոկոսը, «Ֆիզիկա» առարկայից մասնակցել է 81 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 56 տոկոսը, «Մաթեմատիկա» առարկայից մասնակցել է 241 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 87 տոկոսը, «Հայոց պատմություն» առարկայից մասնակցել է 108 ուսուցիչ, որից հավելավճար կստանա 36 տոկոսը:

Գիտելիքի ստուգման անհատական արդյունքները կուղարկվեն ատեստավորված ուսուցիչների էլեկտրոնային փոստի հասցեներին սույն թվականի հոկտեմբերի 11-ից 15-ը ընկած ժամանակահատվածում: Ըստ աշխատակարգի` գիտելիքի ստուգման միավորները կարող են բողոքարկվել արդյունքները ստանալու հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 9:00-ից 18:00-ը ընկած ժամանակահատվածում՝ արդյունքների բողոքարկման դիմումն ուղարկելով ԿԳՄՍ նախարարության էլեկտրոնային փոստին՝ secretariat@escs.am հասցեով:

Նշենք, որ համաձայն սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման աշխատակարգի՝ անկախ դասավանդած առարկաների քանակից ուսուցիչը կարող է ատեստավորվել միայն մեկ առարկայից: «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվել են մեկ թեստում: Գիտելիքի ստուգման առարկայական թեստերը կազմել է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Իջեցվել է կամավոր ատեստավորման համար սահմանված միավորների շեմը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի հրամանով փոփոխություն է կատարվել կամավոր ատեստավորման կարգում: Նշված կարգի 28-րդ կետում կատարվել է խմբագրում և սահմանվել ատեստավորման համար անցողիկ համարվող միավորների նոր սանդղակ` իջեցնելով մինչ այդ սահմանված շեմը:

Ըստ այդմ` կամավոր ատեստավորումը գործում է պարտադիր ատեստավորմանը զուգահեռ և ընձեռում է հավելավճար ստանալու հնարավորություն հետևյալ միավորային համակարգով`

  • 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 50 տոկոսի չափով:
  • 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 40 տոկոսի չափով:
  • 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար 30 տոկոսի չափով:
  • 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի:

Նշենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում տրվող հավելավճարը կհաշվարկվի՝ ըստ ուսուցչի հիմնական աշխատավարձի: