ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Բրիտանական խորհուրդը՝ ԵՄ-ը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի և «Էրազմուս+» գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 13-ին Ծաղկաձորում անցկացրել է «Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում» համաժողովը: Ներկայացուցչական հավաքին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

«Նախարարությունը շատ է կարևորում ձեռնարկատիրական կրթությունը, և այս ուղղությամբ նորարարական ծրագրերը մեծապես խրախուսվում են»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ողջունելով ներկաներին: Նրա խոսքով՝ բրիտանական փորձն այս ոլորտում կարող է չափազանց օգտակար լինել, քանի որ այսօր բուհն ավարտած հայ երիտասարդը երբեմն դժվարություններ է ունենում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու առումով:

Կ. Թռչունյանը նաև նշել է, որ Հայաստանում տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ արդեն իսկ իրականացնում են մի շարք նախաձեռնություններ՝ ուսումնասիրելու, փորձարկելու և ինտեգրելու ձեռնարկատիրական կրթության տարրերը կրթական պրակտիկայում՝ հիմնվելով եվրոպական կրթության լավագույն փորձի վրա: Թեև նախաձեռնության շրջանակում որոշ բուհերում արդեն անցկացվել են կոնկրետ նախագծեր, բայց հանդիպումներն ու ծրագրերը շարունակական են լինելու:

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը, ողջունելով ներկաներին, ասել է, որ մեծ հաճույքով է մասնակցում համաժողովի բացմանը:

«Ես հույս ունեմ, որ այս կոնֆերանսի միջոցով Հայաստանում կտարածվի այս ոլորտում առկա լավագույն փորձը, և չափազանց կարևոր է, որ ձեռնարկատիրությունն ու նորարարությունն առաջնահերթություն լինեն Հայաստանի բուհական համակարգի համար»,- նշել է դեսպանը՝ ավելացնելով, որ ձեռնարկատիրական կրթությունն արձագանքում է տնտեսական և տեխնոլոգիական ներկա զարգացումներին ու մարտահրավերներին: Բացի դրանից՝ այն ուղղված է ստեղծագործական ու նորարարական հմտությունների բարձրացմանը՝ խթանելով տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը:

Համաժողովի նպատակն է համախմբել բարձրագույն կրթական հաստատությունների, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` ծանոթանալու ձեռնարկատիրական կրթության ոլորտում առկա նախաձեռնություններին և լավագույն փորձին, ոլորտի վերջին զարգացումներին և միտումներին:

Համաժողովի շրջանակում կքննարկվի նաև Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում ձեռնարկատիրական և նորարարական ուղղության զարգացման ու տարածման հնարավորություններն ու անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև ձեռնարկատիրական կրթության մոդելի մշակման և ինտեգրման ուղիները:

Տեղեկացնենք նաև, որ միջոցառումն անցկացվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ: