Ս.թ. հոկտեմբերի 11-ից մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը։

2022 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ է ներկայացրել չորս քաղաք՝ Ալավերդի, Արմավիր, Եղեգնաձոր և Հրազդան։

Համաձայն մրցույթի գործող կարգի՝ հայտերի գնահատումն իրականացվում է երկու փուլով՝ փորձագիտական գնահատում և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկություն։

Ըստ այդմ՝ քվեարկությանը նախորդել է փորձագիտական հանձնաժողովի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ, հանդիպել համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակազմերի հետ, ուսումնասիրել հայտերում ներկայացված ծրագրերի համապատասխանությունը երիտասարդական պետական քաղաքականության առաջնայնություններին, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ: Քննարկվել են համայնքային երիտասարդական ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները:

Հայտերի գնահատման երկրորդ փուլը՝ SMS քվեարկությունը, կտևի մինչև հոկտեմբերի 31-ը. 20 օր շարունակ քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին՝ 5009 կարճ համարին հայատառ ուղարկելով նախընտրած քաղաքի անունը՝ Ալավերդի, Արմավիր, Եղեգնաձոր, Հրազդան։

Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակն է նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խրախուսել համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն, աջակցել մարզային երիտասարդական կազմակերպությունների ու ենթակառույցների առաջխաղացմանը, զարգացնել երիտասարդական նախաձեռնողականությունը, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում: