Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ կազմակերպել է «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարը: Ծաղկաձորում ընթացող մրցաշարին մասնակցում է 12 երկրից ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ:

Հոկտեմբերի 10-ին կայացել է «ՉեսսՄուդի» 7-րդ մրցափուլը, որին հետևելու նպատակով Ծաղկաձոր են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանում նմանօրինակ մրցաշարերի կազմակերպումը, ինչը, նախարարի խոսքով, էապես նպաստում է շախմատի զարգացմանը։

«ՉեսսՄուդ» միջազգային մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է:

Հավելենք, որ 7-րդ խաղափուլից հետո Ա խմբի մրցաշարում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն առաջին հորիզոնականը կիսում է Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Ալեքսեյ Գոգանովի հետ, իսկ Բ խմբի մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով միանձնյա գլխավորում է Ռուդոլֆ Փաշիկյանը: