Հոկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացվեց «Պատմական Հայաստանը որպես Եվրոպայի և Ասիայի միջմշակութային հարաբերությունների հանգույց 9-14 դդ.» եվրոպական ծրագիրը:
Ծրագրի հեղինակը միջազգային ճանաչում ունեցող գիտնական, Հռոմի Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, արժեքը 2-2.5 միլիոն եվրո է, տևողությունը՝ 5 տարի:
Ծրագրի կարևորագույն նպատակներից է ներկայացնել պատմական Հայաստանի տեղը և դերը միջին դարերում՝ որպես Եվրասիայի միջմշակութային հարաբերությունների կարևորագույն հանգույցներից մեկը: Կարևոր է միավորել տարբեր ոլորտների մասնագետների աշխատանքը, որպեսզի համակարգված և միասնական ուսումնասիրվեն բազմալեզու աղբյուրները, պարզվի գաղափարների, գրական ժանրերի, արվեստների, ավանդույթների շրջանառությունը, դրա ուղիները:
«Մեր թիմի ուշադրության կենտրոնում է պատմական Հայաստանը և այն շրջապատող ավելի լայն աշխարհագրական մի տարածք, որը ձգվում է Կովկասյան լեռների հարավից դեպի Արևմուտք՝ մինչև Անատոլիա, և դեպի Հարավ՝ մինչև Հյուսիսային Միջագետք: Սրանք այն շրջաններն են, որոնց բնակչության հետ հայերն ունեցել են դարավոր պատմամշակութային կապեր: Ծրագրի շրջանակում կպարզվի, թե բնակչության լայն զանգվածների միգրացիան կամ զինված ուժերի ներխուժման հետևանքով նոր տարածքների գրավումը ինչ տիպի մշակութային փոխհարաբերություններ են ստեղծում, ինչպես են ձևավորվում և զարգանում զավթված բնակչության և այլազգի տիրապետող վերնախավի հարաբերությունները, ինչ ազդեցություն են թողնում այս հանգամանքները հասարակական նորմերի կամ ազգային ավանդույթների վրա»,- ասաց Զարուհի Պողոսյանը՝ նշելով, որ ծրագրով շրջանառության մեջ կդրվի մեծ ծավալի աղբյուրագիտական նյութ, հատկապես՝ հայերեն, ինչը հիմք կհանդիսանա նորանոր ուսումնասիրությունների համար:
Ծրագրի շրջանակում Ֆլորենցիայի համալսարանում կստեղծվի հայագիտության կենտրոն, որի միջոցով կընդլայնվի համագործակցությունը Հայաստանում գործող գիտնականների հետ:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը շնորհավորել է պրոֆեսոր Զարուհի Պողոսյանին:
«Ծրագրի թեման ունի գերարդիական նշանակություն: Հենց այդ ժամանակահատվածում հայ մշակույթը վերելք է ապրել, զարգացել են կերպարվեստը, պոեզիան, ճարտարապետությունը, այդ ժամանակահատվածում են ստեղծվել երկու հայկական պետականությունները՝ Բագրատունյաց Հայաստանը և Կիլիկիան: Այդ ժամանակահատվածն անվանում են Հայկական վերածնունդ, և այս հետազոտությունը, որպես երկու մայրցամաքների մշակութային համագործակցության հանգույց, շատ կարևոր է: Ծրագիրը կնպաստի մեր մշակութային արժեքների պաշտպանությանը, զերծ կպահի մեր մշակույթը կեղծիքներից, կնպաստի հայագիտության զարգացմանը, և կստեղծվի ու կզարգանա հայագիտական կենտրոն Ֆլորենցիայի համալսարանում»,- նշել է Յուրի Սուվարյանը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ծրագրի հետազոտական աշխատանքներին ներգրավել նաև հայաստանյան հայագետներին:
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի վարիչ Ֆրանկ Հեսսը, շնորհավորելով ծրագրի թիմին, շեշտել է նախատեսվող հետազոտությունների և տարբեր երկրների մասնագետների համագործակցության կարևորությունը:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշել է, որ նմանօրինակ հետազոտությունները հնարավորություն են տալիս ճանաչելի դարձնել Հայաստանը և հայ ժողովրդի մշակույթը գիտական շրջանակների ու լայն հասարակության համար. «Մեր նպատակն է, որ հայագիտությունը շարունակի մնալ որպես միջազգային գիտություն, ինչը շատ կարևոր է: Հուսով եմ, որ այս ծրագիրը նախադեպ կհանդիսանա, որպեսզի հետագայում ևս հայագիտությանը տրամադրվեն այսպիսի մեծ ուշադրություն և նաև ֆինանսական միջոցներ, ինչը շատ կարևոր է ոլորտը զարգացնելու համար»:
Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ Ռուբեն Սաֆրաստյանն էլ նշել է, որ բացառիկ երևույթ է, երբ Եվրոպական միության կողմից հատկացվում է նման ուշադրություն հայագիտության զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում:
«Այս ծրագրի միջոցով հայագիտությունը դառնում է եվրոպական գիտության մի մաս: Շատ կարևոր է, որ հայաստանյան հայագիտությունը սկսում է տիրապետել ժամանակակից գիտության լեզվին: Մենք պետք է կարողանանք մեր աղբյուրները շրջանառության մեջ դնել այնպիսի գիտական լեզվով, որը հասկանալի և ընդունելի է ժամանակակից գիտության համար: Համաշխարհային հայագիտություն է մտնում մի նոր սերունդ, որն իր հետ բերում է նոր մոտեցումներ, նոր աշխարհընկալում, և դրանք համաեվրոպական են, ինչը շատ կարևոր հանգամանք է մեր ժողովրդի համար»: