2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր:

Վերջին տարիներին գրադարաններ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքի շնորհիվ ավանդական գրադարանը հարստացել է էլեկտրոնային պաշարներով՝ վերածելով դրանք համապարփակ տեղեկատվության կենտրոնների: Դրան զուգահեռ՝ գրադարանային ծառայությունները թևակոխել են բոլորովին նոր փուլ: Համացանցի առկայությունը գրադարաններին հնարավորություն է տվել ոչ միայն օգտակար լինել իրենց շահառուներին, այլև ծանոթանալ աշխարհի տարբեր ծայրերում գործող գրադարանների լավագույն փորձին՝ ուսումնասիրելով և տեղայնացնելով այն իրենց գրադարաններում:

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային գրադարանները կիրականացնեն բազմաբովանդակ միջոցառումներ՝ յուրաքանչյուրն իր կարգախոսի ներքո:

Գրադարանավարների օրվան նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա պարգևատրման արարողություն: Գրադարանային գործում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ կպարգևատրվեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով և ոսկե մեդալով:

Պարգևատրման արարողությանն անմիջապես կհաջորդեն 2021 թվականին հայտարարված «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը:

Նշենք, որ մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, իրականացրել է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Մրցութային անվանակարգերն են. «Լավագույն համայնքային գրադարան», «Լավագույն մարզային գրադարան», «Լավագույն նորարար գրադարան», «Լավագույն գիտակրթական գրադարան», «Լավագույն մասնագիտական գրադարան», «Հատուկ մրցանակ»:

Մրցույթին մասնակցել են 70 պետական, համայնքային և այլ կազմակերպությունների գրադարաններ:

Տեղեկացնենք, որ «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամներն են ՀՀ Ազգային ժողովի գրադարանի տնօրեն Ֆաթմա Խաչատրյանը (հանձնաժողովի նախագահ), Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, գրադարանավար, ճարտարագետ Տիգրան Զարգարյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը և «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մադլենա Հովսեփյանը։

Մրցույթի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումն ու հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, հարափոփոխ աշխարհում գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը՝ թիրախավորելով տեղեկատվության կառավարումն ու օգտվողների պահանջների բավարարումը: