2021 թ. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն անցկացնում է ավանդական դարձած Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:

Միջոցառումը կրում է «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագիրը և նվիրված է մեր պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին:

Մրցույթ-փառատոնին մասնակցում են 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր կրթօջախներից, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները:

Այս տարի գրանցվել է ավելի քանի 230 մասնակից Հայաստանից, Արցախից և սփյուռքի 9 երկրներից (Ռուսաստան, Իրան, Վրաստան, Արգենտինա, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա)՝ դիմումներ ներկայացնելով պապիե-մաշեի, արծաթագործության, մանրանկարչության, թղթի քանդակի, կարպետագործության, լինոփորագրության, խճանկարի, ասեղնագործության և գեղանկարչության աշխատանքներ կատարելու համար:

Ըստ ընթացակարգի՝ երեխաները գրանցվելուց հետո մասնակցում են Գեղարվեստական ազգային կենտրոնի վարպետաց-դասերին, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում իրենց աշխատանքները: Ընտրված առավել հաջողվածները ներառվում են տեսահոլովակում: Առաջին փուլը հաղթահարած երեխաները կստանան մասնակցության վկայական:

Մասնակիցների գրանցմանը զուգընթաց՝ Գեղագիտության ազգային կենտրոնը մասնակիցների և նրանց մանկավարժների համար պատրաստել և տարածել է 10 ուսուցողական հոլովակներ՝ ներկայացնելով վերոնշյալ բնագավառները: Առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերվել է ասեղնագործության, արծաթագործության և թղթի քանդակի նկատմամբ:

Այժմ վարպետաց դասերի կազմակերպման փուլն է, որին կհաջորդի աշխատանքների հավաքագրումը: Փառատոնն անցկացվում է 2009 թ.-ից: