ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 7-ին կմեկնարկի Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը, որն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ:

Երևանի Վ. Մոկացյանի անվան երաժշտական դպրոցի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու երաժշտական դպրոց այցելությամբ այդ օրը կմեկնարկի ծրագրի 3-րդ շրջափուլը, որի ընթացքում, ինչպես նախորդ տարիներին, կկազմակերպվեն համերգային ելույթներ, վարպետության դասընթացներ և համատեղ դասեր։ Որպես ծրագրի բաղկացուցիչ մաս՝ կկազմակերպվի նաև այցելություն տեսարժան և պատմամշակութային վայրեր:

Հոկտեմբերի 7-30-ն ընկած ժամանակահատվածում կկայանան 20 փոխայցելություններ՝ Երևանի և ՀՀ մարզերի 20 երաժշտական ու արվեստի դպրոցների մասնակցությամբ (ժամանակացույցը կցվում է):

Ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2019 թվականին՝ մշակութային կրթության ոլորտում փոխգործակցության և փոխօգնության գաղափարի շուրջ համախմբելով ՀՀ-ում գործող շուրջ 40 երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ: Ավելի քան 800 մանկավարժների և սովորողների մասնակցությամբ իրականացված ծրագիրը հնարավորություն է ընձեռել վերհանել ՀՀ-ում արտադպրոցական դաստիարակության և գեղարվեստական կրթության պրակտիկ խնդիրները, միավորել Երևանի և մարզերի պատասխանատուների ջանքերը՝ մշակութային համաչափ զարգացման, արտադպրոցական դաստիարակության և գեղարվեստական կրթության հասանելիության խնդիրների լուծման գործընթացներում: