Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Գենետիկա XXI» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էին ԳԱԱ-ն և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ Ռուսաստանի Դաշնության «Գիտության և տեխնոլոգիայի տարի-2021»-ի շրջանակում: Միջոցառման անցկացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն և ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը:

Կլոր սեղանին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

«Գիտության մեջ այսօր ակտուալ են այն ուղղությունները, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանման, կենսաիմունոտեխնոլոգիայի հետ, որոնց զարգացման կարևորագույն բաղադրիչներն են գենետիկական հետազոտությունները: Դրանք Հայաստանում բավական հաջողությամբ իրականացվում են, այդ թվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում: Այսօր աշխարհում տեղի են ունենում շատ բարդ և վտանգավոր գործընթացներ, մարդկությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև: Անգամ շատ հարուստ ռեսուրսներ ունեցող երկրները միայնակ չեն կարող կանխել այդ մարտահրավերները: Անհրաժեշտ են համագործակցություն, գիտական ներուժի ու ջանքերի միավորում»,- նշել է Աշոտ Սաղյանը:

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության տնօրեն Վադիմ Ֆեֆիլովն իր հերթին նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում: Շատ կարևոր է մեր հանդիպման թեման, որը կապված է ամենակարևոր և ակտուալ գիտություններից մեկի՝ գենետիկայի հետ, հատկապես հիմա, երբ Ռուսաստանում հայտարարված է գիտության և տեխնոլոգիայի տարի: Գենետիկայի հարցերը հուզում են բոլորիս, և մենք բաց ենք ձեր առաջարկությունների համար՝ կապված համատեղ այցերի, հանդիպումների և քննարկումների հետ»:

Կլոր սեղանին մասնակից հայ և ռուս գիտնականները ներկայացրել են իրենց գիտական զեկույցները: Մասնավորապես, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը ներկայացրել է «Էկոգենետիկ ուսումնասիրությունները Հայաստանում» զեկույցը, որի նպատակն է Հայաստանում ջրի և հողի գենոտոքսիկ աղտոտման փորձարկման մեթոդների մշակումը` կենսաինդիկատոր օրգանիզմների միջոցով:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը ներկայացրել է «Ֆունկցիոնալ գենոմիկան կենսաբանական հետազոտություններում» զեկույցը՝ կապված տիեզերական ճառագայթման շատ ցածր չափաբաժինների երկարաժամկետ ազդեցությունը ֆունկցիոնալ գենոմիկայի, կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլային գենետիկական վերլուծության, գենոմային բիոինֆորմատիկայի ուռուցքաբանության և այլ հիվանդությունների մեջ:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ներկայացրել է գենետիկական անթրոպոլոգիա թեման՝ հայ-ռուսական համագործակցության շրջանակում:

Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ելենա Խլյոստկինան և նրա տեղակալ Ալեքսեյ Զավարզինը ներկայացրել են «Գենետիկական պաշարները՝ որպես գիտության և անվտանգության զարգացման հիմք» զեկույցը, իսկ ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի պրոֆեսոր Անդրիան Օսիպովը` կենտրոնի վերջին նվաճումները և ռադիացիոն գենետիկայի ասպարեզում գիտական արդյունքները, որոնք ստացվել են Ռուսաստանի գիտության ֆոնդի ծրագրի շրջանակում՝ հայ գիտնականների հետ համատեղ: