ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։

18-րդ «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Արարողությանը մասնակցել են փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները։ Արարողության մեկնարկին ներկայացվել են կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից, ինչպես նաև տեղեկատվություն՝ ժյուրիի կազմի վերաբերյալ։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը շնորհավորել է ներկաներին՝ փառատոնի մեկնարկի կապակցությամբ և փառատոնի մյուս համահիմնադիրների՝ Սուսաննա Հարությունյանի, Միքայել Ստամբոլցյանի հետ ազդարարել փառատոնի մեկնարկը:

Բացմանը ներկա էր փառատոնի պատվավոր հյուր, ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորը և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր է: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենը Շրեյդերին հանձնել է փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

Բացման արարողության ընթացքում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկաներին տեղեկացրել է, որ փառատոնի մեկնարկը տրվում է իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով: Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը նամակ-սիրո խոստովանություն է կինոյին ու միևնույն ժամանակ պարունակում է պատերազմի նյարդը։

Արարողությանը ներկա էր նաև իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի «Ոսկե արջի» դափնեկիր («Հոմանիշներ», 2019 թ.), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր («Ահեդի ծունկը», 2021 թ.) Նադավ Լապիդը: Կարեն Ավետիսյանը Լապիդին հրավիրել է բեմ և հանձնել «Ոսկե ծիրանի» «Վարպետ» մրցանակը։