«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Բոլորիս Ալենը» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ալեն Մարգարյանի հիշատակին:
Հուշ-երեկոյին ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Հերոսի հիշատակին նվիրված միջոցառումը կազմակերպվել է նրա զոհվելու տարելիցին՝ սեպտեմբերի 30-ին: Երեկոյի շրջանակում տեղի են ունեցել «Բոլորիս Ալենը»` հերոսի հարազատների ու ընկերների՝ նրա մասին պատմող հուշագրության և Արման Վարդանյանի «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գրքի շնորհանդեսները: Գրքերի վաճառքից ձեռք բերված գումարով կֆինանսավորվի Ալենի ընկերներից մեկի կրթությունն արտասահմանում: Ինչպես նաև ցուցադրվել է Ալենի մասին պատմող ֆիլմ՝ ներկայացնելով նրա կարճատև կյանքի հիշարժան դրվագները: Երեկոն ամփոփվել է համերգով:
Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, տեղեկացրել է, որ հիմնվել է «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի ֆինանսավորմամբ արդեն իսկ 4 ուսանող կրթություն է ստանում: Նա հույս է հայտնել, որ ՀԿ-ի աջակցությամբ կրթություն ստացած երիտասարդներն իրենց ներուժն ու գիտելիքը կծառայեցնեն հայրենիքի զարգացմանը՝ քարոզելով ալենյան սերն ու բարությունը: Նախատեսվում է նաև Ալեն Մարգարյանի անվան կրթօջախ հիմնել:
Հերոսի մայրը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ իրենց մասնակցությամբ Ալենի և մյուս հերոսների հիշատակը վառ պահելու համար. «Հերոսի մայր լինելու հպարտությունն է մեզ պարուրել: Մենք պարտավորենք ապրել և ապրեցնել մեր զավակների վառ հիշատակը»: