Ուսումնասիրվել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության գրադարանների հավաքածուները, և տարվել են հետագա օգտագործման համար ոչ պիտանի գրքերի դուրսգրման աշխատանքներ: Գրադարանները կհամալրվեն նոր գրքացանկով՝ ըստ պահանջարկի:

ԿԳՄՍՆ աշխատակիցներից կազմված հանձնաժողովն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատանքային այց է կատարել Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզային, ինչպես նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարաններ՝ տեղում ծանոթանալու և ուսումնասիրելու հավաքածուների առկա վիճակը:

Հանձնաժողովն ուսումնասիրել է գրադարանների առանձնացրած գրականությունը, ընտրել ֆիզիկական մաշվածությամբ և արդիականությունը կորցրած այն գրքերը, որոնց վերականգնումը չէր կարող երկարեցնել օգտագործման ժամկետները: Աշխատանքային այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև մասնագիտական աշխատանքների ընթացքը, գրադարանների աշխատանքային ցուցանիշների թափանցիկությունը և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով տրվել են մի շարք ցուցումներ, արվել են մի շարք դիտարկումներ և շտկումների համար սահմանվել են ժամկետներ: