Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության և հետազոտության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և նպաստել նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրականացմանը։

Քննարկելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձա­գետների այցելությունները Հայաստան՝ մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտներում հայեցակարգերի մշակման շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրման նպատակով, Վահրամ Դումանյանը գոհունակություն է հայտնել Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կրթության և կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ստեղծման կապակցությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (IBE) Հայաստանի նախագահությանը, և առանձնահատուկ կարևորվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերն ու նշանակությունը աշխարհում արդի մարտահրավերների հաղթահարման, կրթության կայուն զարգացման և երեխաների կրթության իրավունքի ապահովման գործում: ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ խորհրդի կողմից ներկայացվող մինչև 2025 թվականի ռազմավարությունը նույնպես հաջողությամբ կիրականացվի, և կհաղթահարվեն միջնաժամկետ հատվածի համար սահմանված խնդիրները:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև 2021 թ. նոյեմբերի 4-ից 5-ը Հայաստանում նախատեսված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն ֆորումին առնչվող հարցեր: Ֆորումը կծառայի որպես քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործա­կալության անդամ պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման հիմնական դերակատարների համար՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում և դրանցից դուրս: Ֆորումի տարածաշրջանային գործընկերներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիին հրավիրել է Հայաստան՝ ֆորումին որպես բանախոս հանդես գալու համար:

Վահրամ Դումանյանը, շնորհակալություն հայտնելով նաև մասնա­կցության ծրագրի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցաբերած աջակցության համար, հույս է հայտնել, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը կշարունակվի: