Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 1-ին՝ ժամը՝ 19:00-ին, տեղի կունենա «Նվիրատուներ և նվիրատվություններ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ցուցահանդեսը ներկայացնում է Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակակից ծովանկարիչներ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ստեղծագործությունները: Դրանք՝ որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ, Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը և այլ նվիրատուներ:
19-րդ դարի և 20-րդ դարասկզբի չորս նշանավոր ծովանկարիչների բարձրարժեք գործերի հետ մեկտեղ՝ ցուցադրությունը կներկայացնի նաև թանգարանի նվիրատուների կենսագրությունն ամփոփող յուրօրինակ «միասնական դիմանկար»:
Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 5-ը: