ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների հաշվին շուրջ 109 մլն 727 հազար դրամ գումար է հատկացվել 7 ավագ դպրոցների նոր գույքի ձեռքբերման համար: Որոշումն ընդունվել է Կառավարության՝ սեպտեմբերի 30-ին կայացած նիստում:

Վերաբաշխվող գումարը նախատեսվում է ուղղել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում վերանորոգվող ավագ դպրոցներին գույքով ապահովմանը` հաշվի առնելով, որ Համաշխարհային բանկի հիմնանորոգման ծրագրով դպրոցների համար նոր լաբորատորիաներ են նախատեսված, սակայն գույքի ապահովում չի նախատեսվել:

Հատկացված միջոցներով նոր ուսումնական գույք կստանան ներքոնշյալ դպրոցները, որոնք կապիտալ նորոգվել են, ըստ անհրաժեշտության՝ նաև վերակառուցվել.

  • ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց,
  • Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց,
  • Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց,
  • ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց,
  • ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց,
  • ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Ակադեմիական վարժարան,
  • ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց:

Վերոնշյալ դպրոցներից Գյումրու Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մնացած դպրոցներինը գտնվում են ավարտական փուլում։

ՀԲ հիմնանորոգման ծրագրում ընդգրկված է նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց վարժարանը, որը, գույքի ձեռքբերումն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին:

Նշենք, որ վերը նշված բոլոր դպրոցները բարելավման համալիր ծրագրերի արդյունքում կունենան ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան շենքային բարենպաստ պայմաններ և լաբորատոր սարքավորումներ: