ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Նարինե Խաչատուրյանը դեկտեմբերի 8-ին ընդունել են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էր նաև «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը:

Հանդիպման առանցքում ՌՕՔԵՄՓ ծրագրի շրջանակում Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև հաստատված համագործակցության շարունակականության, արցախյան հակամարտության գոտու տարածքում պատմամշակութային ժառանգության անվտանգության, պահպանության և պաշտպանության, ինչպես նաև Իտալիայի և Հայաստանի միջև մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված հարցերն էին:

Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության ենթաքարտուղար Մանիլո Դի Ստեֆանոն նշել է, որ Իտալիայի Կառավարությունը պատրաստակամ է շարունակելու ՌՕՔԵՄՓ ծրագրի աջակցությունը և այդ ծրագրի միջոցով նպաստելու պատմամշակութային հուշարձանների պահպանությանը: «Մշակութային ժառանգությանն առնչվող հարցերը զերծ են քաղաքականությունից, և Իտալիան այդ առումով երկրորդ օրակարգ չունի»,- հավելել է նա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ տարածքից դուրս պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության աղավաղման անթույլատրելիությունը՝ ընդգծելով Իտալիայի հնարավոր աջակցությունն ու դերակատարումն այդ կարևոր գործընթացում:

Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը էլ ներկայացրել է «Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության արդյունքները. «Կենտրոնի հետագա աշխատանքները հավելյալ հնարավորություններ կստեղծեն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության գործում»:

«Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի» (ՌՕՔԵՄՓ կենտրոն) տնօրեն Անի Ավագյանը, անդրադառնալով կենտրոնի մեկ տարվա գործունեությանը, այդ կարևոր ծրագրին աջակցելու և համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Միջազգային համագործակցության իտալական գործակալությանը և Բոլոնիայի համալսարանին։

«Չնայած COVID-19-ի և պատերազմի մարտահրավերներին՝ կենտրոնը լիարժեք իրականացրել է իր առջև դրված ծրագիրը՝ ամուր հիմք ստեղծելով դրա շարունակականության համար»,- փաստել է կենտրոնի տնօրենը: