ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ազդարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրի մեկնարկը, որը միտված է կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքով ստեղծված արտակարգ պայմաններում Հայաստանի Հանրապետության մշակույթի և ստեղծարար ոլորտների ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության շարունակականությունն ապահովելուն:
Մրցույթը կազմակերպվում է հետևյալ ոլորտներում՝
- Ժամանակակից արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, փերֆորմանս, կերպարվեստ, տեսարվեստ (վիդեոարտ), լուսանկարչություն, ինստալյացիա)
- Կիրառական արվեստ (ձեռարվեստ, ժողովրդական արվեստ և արհեստ),
- Գրականություն
Մրցույթի անվանակարգերը՝
- Մշակութային նախագծեր և միջոցառումներ (ժամանակակից արվեստ)
- Մշակութային նախագծեր և միջոցառումներ (կիրառական արվեստ, գրականություն)
Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են նաև չափորոշիչներ:
Մրցույթի մասնակցության կարգը և պայմանները
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գրանցված մշակութային և ստեղծարար գործունեությամբ զբաղվող իրավաբանական (ՓԲԸ, ՍՊԸ, ՀԿ, Հիմնադրամ) և ԱՁ միջոցով հայտատու ինքնազբաղ արվեստագետները, որոնք՝
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային ժամկետանց պարտավորություններ
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չունեն ֆինանսական և բովանդակային հաշվետվությունների չիրականացված պարտավորություններ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նկատմամբ (ինչպես նաև՝ նախկինում ՀՀ մշակույթի նախարարության)
- մշակույթի ոլորտի պետական կամ համայնքային կառույցների աշխատակիցներ չեն
- 2018-2019 թթ. վարել են ակտիվ ստեղծագործական գործունեություն, որը կարող են հավաստել համապատասխան փաստաթղթերով:
Չեն կարող մասնակցել ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ–ներ և այն կազմակերպությունները, որոնք 2020 թվականի ընթացքում իրականացրել են միջոցառումներ և նախագծեր ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհների շրջանակներում:
Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝
- Հայտաձև՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1)
- Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2)
- Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները
- Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ
- Տեղեկանք նախագծի իրականացման շուրջ համագործակցող կողմերի մասին
- Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ
- 2018-2019թթ. հայտատուի ստեղծագործական գործունեությունը հավաստող փաստաթղթեր, նյութեր
Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ հայերեն թարգմանությամբ:
Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարություն թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով (էլեկտրոնային նյութերի առավելագույն ծավալը 20 MB)՝ և ընդունվում է մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը:
Մասնակիցը չի կարող նույն անվանակարգում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող և թերի լրացված հայտերը մերժվում են:
Հայտերը պետք է ներկայացնել բացառապես փակ ծրարով, որտեղ պետք է ներռված լինեն անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը և էլեկտրոնային կրիչը՝ ամբողջական փաթեթի էլեկտրոնային նյութերով:
Փակ ծրարի վերևի աջ անկյունում նշել միայն 5 նիշից բաղկացած ցանկացած թվային կոդ և անվանակարգը (Հայտատուին, կազմակերպությանը, նախագծին վերաբերող տվյալներ չնշել):
Մրցույթին ներկայացված հայտերը վերադարձման ենթակա չեն:
Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորած անձը հայտը հանձնելիս ստանում է համապատասխան ստացական:
Հայտերն ընդունվում են.
- Մշակութային նախագծեր և միջոցառումներ (ժամանակակից արվեստ)
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն
Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. (010) 599-631 - Մշակութային նախագծեր և միջոցառումներ (կիրառական արվեստ, գրականություն)
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն
Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. (010) 599-629
Մրցույթի իրականացման ժամանակացույցը
Մրցույթի մեկնարկ 05.08.2020
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 20.08.2020
Մրցույթի արդյունքների հայտարարումը կտեղեկացվի լրացուցիչ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացմամբ պայմանավորված:
Հայտերի գնահատում
Հայտերը քննում և գնահատում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:
Հայտերի գնահատումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրապարակած մրցույթով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովի մշակած չափորոշիչների։
Ըստ այդմ՝ առաջնահերթություն է տրվելու այն հայտերին՝
- որոնց իրականացման ժամանակ առավելագույնս է հնարավոր պահպանել պարետատան ցուցումները,
- որոնք չեն ենթադրում զանգվածային հաղորդակցություն, ունեն բացօթյա կամ առցանց իրականացման հնարավորություն,
- չեն կարող թերակատարվել կամ չիրականացվել համաճարակի հավանական զարգացումների հետևանքով,
- միջազգային համագործակցության բաղադրիչն իրականացնում են առցանց գործիքներով՝ նվազագույնս նախատեսելով միջազգային տեղաշարժ,
- որոնց շրջանակում իրականացվող միջոցառման թիրախային (հանդիսատեսային և մասնակցային) խմբերը չպետք է ներառված լինեն ռիսկային գոտում։
Սույն դրամաշնորհի շրջանակում չեն կարող ֆինանսավորվել հրատարակման և կինոարտադրության նախագծերը։
Ծրագրի տևողությունը և բյուջեն
Դրամաշնորհը տրվում է ընթացիկ տարվա համար։ Պայմանավորված ուղղությամբ, ներկայացված բյուջեի ծավալներով՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։
Ներկայացված ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել շինարարական (վերանորւգման) կապիտալ և հյուրասիրությունների ծախսեր, ինչպես նաև շահույթ ենթադրող ծախսային ուղղություններ: