1-12-րդ դասարանների «Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի հիմնական նպատակն է` առողջ, համակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը պատրաստ, սեփական ուժերի հանդեպ վստահ, առողջ և անվտանգ կենսակերպ դրսևորող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող ու նախաձեռնող քաղաքացի ձևավորելը։

Առարկայի նոր օրինակելի ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի գործունեության ազատություն, որը ենթադրում է հաշվի առնել դպրոցականների մարզական ցանկությունները:

Հատկապես 8-րդ դասարանից սկսած կարևոր է, որպեսզի ուսուցիչը ֆիզիկական դաստիարակության գործընթացում մշտապես հաշվի առնի դպրոցականների մարզական նախընտրությունները` չսահմանափակվելով ծրագրում նշված մարզաձևերով: Այդ դեպքում ուսուցիչը հնարավորություն ունի մարզման ձևն ու ժամաբաշխումն իրականացնել ըստ անհրաժեշտության՝ ապահովվելով վերջնարդյունքները:

Թիմի լիարժեք անդամ զգալու նպատակով այն երեխաները, ովքեր տարբեր պատճառներով չեն մասնակցի շարժողական ակտիվություն պահանջող գործողություններում կարող են ներառվել նաև օժանդակող աշխատանքներում, որպես մարզական լրագրողներ, մարզական մեկնաբաններ, մարզական լուսանկարիչներ, մրցավարներ, ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ-մարզչի օգնականներ և այլն:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և տարբեր բժշկական խմբերում ընդգրկված երեխաները ևս պետք է ունենան հնարավորություն ճանաչելու սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնելու իրենց շարժողական ընդունակությունները:

Ուսումնական գործունեության տեսակները.

  • ֆիզիկական դաստիարակության վերաբերյալ տեսական գիտելիքների հաղորդում զրույցի և պատմելու միջոցով, ուսումնական նյութի բացատրում, ցուցումներ, հրահանգներ:
  • Վարժությունների ցուցադրում, պաստառների, ֆիլմերի ցուցադրում, գործնական պարապմունքներ` խմբային, ճակատային, անհատական, հոսքային, հերթափոխային և շրջանաձև մեթոդներով:
  • Ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարում, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի օգտագործում:
  • Մարզումային պարտադիր խմբակներ, որոնց ընտրությունը կատարում է սովորողը, սակայն դրանց կարող են չմասնակցել մարզական խմբակներ հաճախող երեխաները:

«Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի օրինակելի ծրագրի և չափորոշչի հիմնական փոփոխությունները.

  1. Ժամաքանակի փոփոխություն և սպորտայնացված (ըստ դպրոցականների մարզական ընտրության) դասերի ներդրում:
  2. Ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրում՝ սպորտդպրոցների և մարզական կառույցներ ունեցող այլ հաստատությունների հետ համագործակցություն:
  3. Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների ազատականացում. այսինքն, ուսուցիչները հնարավորություն կստանան ֆիզիկական կուլտուրայի դասերի շրջանակում կազմակերպել դպրոցականների մարզումները` հաշվի առնելով վերջիններիս մարզական ցանկությունները, ինչպես նաև դպրոցների հնարավորությունները՝ ապահովելով ծրագրով նախատեսված վերջնարդյունքները:
  4. Ըստ մակարդակների և դասարանների վերջնարդյունքների առկայությունը։
  5. Ֆիզիկական կուլտուրա ուսումնական առարկան ամփոփվում է ստուգարքով, որը ենթադրում է ֆիզիկական վարժություններով համալիրների նորմատիվների հանձնում:
  6. 8-րդ դասարանից սկսած առողջ ապրելակերպի դասընթացի համար տարեկան տրվող 14-ական ժամերը մնում են ֆիզիկական կուլտուրայի դասերին:
  7. Ընդհանրական, նոր ձևաչափով ծրագրի կառուցվածք՝ համապատասխան բաղադրիչներով: