Տավուշի մարզի Բերդ համայնքում կկառուցվի «Թումո» շարժական կենտրոն` հագեցած անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով։ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ Բերդի ավագ դպրոցի տարածքի մի հատվածն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Սիմոնյան կրթական հիմնադրամին»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է, որ «Թումո» ստեղծարար կենտրոնը գործարկվել է դեռ անցյալ տարվանից: Նա տեղեկացրել է, որ շարժական կենտրոնների միջոցով Թումոն իրականացնելու է հիմնական կենտրոններում իրականացվող դասընթացների մի հատվածը։ Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության հետ նախնական քննարկումների արդյունքում, ձեռք է բերվել շարժական կենտրոններում ուսուցիչների վերապատրաստումներ իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություն: Թումոն նախատեսում է նման կենտրոններ տեղադրել տարբեր մարզերում։ Հիմնական առավելությունն այն է, որ դրանք շարժական են և մեկ վայրում արդյունավետությունը սպառելուց հետո կարող են տեղափոխվել նաև այլ համայնքներ:

Ընդգծելով, որ Թումոյի մուտքը Բերդի տարածաշրջան շատ կարևոր է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարության բոլոր ռազմավարությունների հիմքում կրթական բաղադրիչն առաջնային կարևորություն ունի, և դրա շնորհիվ է հնարավոր հաջողությունը:

Կառավարության նիստում տարածքի հատկացման նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: