ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2021 թվականին դրամաշնորհ տրամադրելու նպատակով ընդունում է հայտեր:


Դրամաշնորհ տրվելու է մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.
•ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
•մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
•գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ:


Դրամաշնորհ ստանալու համար նշված խմբերի պարբերականները կարող են դիմել, եթե իրենց նախագծերը համապատասխանում են հետևյալ պայմաններին.
Ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր լրատվամիջոցները.
1.լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,
2.ներկայացնելու են ազգային փոքրամասնության արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,
3.կազմելու և տրամադրելու են տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգ և ծրագրեր,
4.ծրագրելու և ներկայացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլերը:


Պետական աջակցության համար դիմող գրական և մշակութային տպագիր կամ էլեկտրոնային պարբերականները պետք է.
1.ըստ հրապարակումների ծավալի ապահովեն առնվազն ութսուն տոկոս հեղինակային նյութեր,
2.ներառեն արվեստագիտական, քննադատական, վերլուծական հոդվածներ,
3.ներկայացնեն դեռևս չհրապարակված, նոր հեղինակների ստեղծագործություններ,
4.տարեվերջին հրապարակեն տվյալ պարբերականի ընդհանուր կամ ոլորտային տարեկան տեսությունը (դայջեսթ)՝ արվեստագիտական, գրականագիտական, մշակութաբանական ակնարկի կամ հոդվածի ձևով:


Հայտի փաթեթին պետք է կցել.
1.լրացված հայտը (ձևաթուղթը կցվում է),
2.լրատվամիջոցի տարեկան ծախսերի մանրամասն նախահաշիվը (ձևաթուղթը կցվում է),
3.լրատվամիջոցի նախագիծը, որ պետք է ներառի՝
-լրատվամիջոցի ներկա կառուցվածքը՝ ըստ ուղղությունների և բաժինների,
-հայեցակարգը,
-նյութերի ընտրման հիմնական չափանիշները,
-տարածման և գովազդային քաղաքականության դրույթները,
-սոցցանցերում և համացանցում ներկայության մասին տեղեկությունները,
4.պարբերականի վերջին երեք համարների «PDF» տարբերակները (տպագիր լրատվամիջոցներ),
5.կայքէջի վերջին հինգ ամիսների դիտումների քանակը (էլեկտրոնային լրատվամիջոցներ),
6.ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:

Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր, բայց չունեն լրատվական նախընթաց գործունեություն:
Սույն ծանուցման պահանջներին չհամապատասխանող հայտերը մասնագիտական խորհուրդը չի դիտարկելու:


Մրցույթն իրականացվում է հետևյալ ժամանակացույցով.
Մրցույթի մեկնարկ՝ 2020 թվականի հունիսի 22
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2020 թվականի հուլիսի 22
Մրցույթի արդյունքների հայտարարում՝ 2020 թվականի սեպտեմբերի 30


Հայտի փաթեթը պատրաստելու համար խնդրում ենք ծանոթանալ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2021 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկի ձևավորման համար անցկացվող մրցույթի կարգին (կցվում է):
Հայտի փաթեթը (բոլոր նյութերը «PDF» ձևաչափով, իսկ ամբողջը՝ «rar» կամ «zip» փաթեթով) պետք է ուղարկել «literature@escs.am» էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով պարբերականի անվանումը:
Ներկայացված նախագծերը քննելու և 2021 թվականին «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը (կազմը կցվում է):

Հարցերի պարագայում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն +(374)10-59-96-29 հեռախոսահամարով բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):