Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) և ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2020/21թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակներում:

2020/21թթ. ուսումնական տարվա համար «МГИМО»-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 7-ն է՝ 5 բակալավրիատի և 2 մագիստրոսական ծրագրերի դիմելու հնարավորությամբ: Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների ցուցաբերած արդյունքներից:

ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան առաջարկում է բակալավրի ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

  1. Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, պատմություն)
  2. Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, պատմություն, մաթեմատիկա)

Մագիստրոսական ծրագրեր՝

  1. Միջազգային հարաբերություններ (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա)
  2. Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա)
  3. Իրավագիտություն (քննական առարկաներ՝ ռուսերեն, օտար լեզու, մասնագիտական առարկա)

Տեղեկացնում ենք, որ առկա է նաև ասպիրանտուրայի համար դիմելու հնարավորություն։

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

  1. Միջազգային հարաբերություններ
  2. Տարածաշրջանագիտություն
  3. Քաղաքագիտություն
  4. Տնտեսագիտություն
  5. Իրավագիտություն
  6. Ժուռնալիստիկա
  7. Գովազդ և հանրային կապեր
  8. Առևտրային գործ

՛՛МГИМО՛՛-ի բակալավրի ծրագրերին դիմողները պարտավոր են հանձնել ընդունելության քննություններ ռուսերեն և օտար լեզուներից, իսկ տնտեսագիտական ուղղությունն ընտրած թեկնածուները պետք է տիրապետեն մաթեմատիկական գիտելիքների: Մագիստրատուրայի դեպքում դիմորդները հանձնում են քննություն օտար լեզվից և մասնագիտական առարկայից:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ-ին հատկացված քվոտաներով ուսումը վերոնշյալ ԲՈՒՀ-երում անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կացության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պարտավորվում են հոգալ մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը՝ տեղերի առկայության պարագայում նույնպես վճարովի է:

Այլ մանրամասների ծանոթանալու, ինչպես նաև ծրագրերին մասնակցելու նպատակով դիմում-հայտ ներկայացնելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ ԱԳՆ +37460-620-375 հեռախոսահամարով կամ գրել secretariat1@mfa.am էլ. հասցեին:

՛՛МГИМО՛՛-ի ուսումնական ծրագրերին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 23-ը, իսկ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 7-ը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․

  • Դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով
  • Անձնագրի պատճեն
  • Ատեստատի պատճեն (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճեն (մագիստրատուրայի դեպքում)՝ ներառյալ միջուկները
  • Արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները
  • Ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով
  • 2 հատ գունավոր լուսանկար 3X4 չափսի

Ուշադրություն

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պատճառով ծրագրին դիմելու և ընդունելության քննությունների ժամկետները, ինչպես նաև դրանց անցկացման ձևաչափը կարող են ենթարկվել փոփոխությունների: