Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը և ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված ցուցումները` Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում` մանկապարտեզներում, նախակրթարաններում, դպրոցներում, մարզադպրոցներում, արվեստի դպրոցներում, արտաուսումնական հաստատություններում, քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում մինչև մարտի 23-ը դադարեցվել են դասերը: Առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Հանձնարարվել է թանգարանների և թատրոնների հետ մշակել և կազմել առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար:

Այս ընթացքում նշված հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի։ Ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ այս ընթացքում բուհերում նախատեսված քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։ Նախարարությունը խրախուսում է նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով` (օնլայն) կազմակերպելու ջանքերը և առաջիկայում նախատեսում է հանդես գալ նման նախաձեռնությամբ։

Վերը նշված սահմանափակումը վերաբերում է նաև Հայաստանում գործող միջազգային, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին: Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրությամբ դիմել է մարզական ֆեդերացիաներին` մինչև մարտի 23-ը զերծ մնալ Հայաստանի տարածքում մարզական, պատանեկան և երիտասարդական միջոցառումներ (առաջնություններ, միջազգային մրցաշարեր և այլն) անցկացնելուց: