ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։
Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարաններում կամ կուրսերում սովորող և օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Քննությունները տեղի կունենան 2022 թվականի մայիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  1. դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
  2. բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
  3. ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից հաստատված /ապոստիլ/,
  4. ավարտական դասարաններում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից հաստատված /ապոստիլ/,
  5. բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից հաստատված /ապոստիլ/,
  6. բժշկական տեղեկանք /հավելված/՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից հաստատված /ապոստիլ/,
  7. ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
  8. անձնագրի պատճենը,
  9. 3×4 չափի 3 գունավոր լուսանկար,
  10. արական սեռի անձին՝ զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակով՝ պատճենի հետ (1+1):

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 20-ը՝ ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը: Ընդմիջում` ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ +37410-59-96-44; +374 10-59-96-46)։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել վերոնշյալ հեռախոսահամարներով:

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Ծանոթություն. արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451–Ն որոշմամբ:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը` գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել: