ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ԿԳՄՍ նախարարն է: Խորհրդի անհատական կազմը և անդամների առավելագույն թվաքանակը հաստատում է խորհրդի նախագահը: ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմի առավելագույն թիվը 34-ն է: Խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3-ը կազմում են կրթության և գիտության, 1/3-ը՝ մշակույթի, 1/3-ը սպորտի և երիտասարդության ոլորտների ներկայացուցիչներ:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, և որոնք ունեն կրթության կամ մշակույթի կամ սպորտի ոլորտներում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են կրթության, գիտության կամ մշակույթի կամ սպորտի և երիտասարդության ոլորտներին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Երկու տարին մեկ անգամ խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության:

Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ: