Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (16 կրթաթոշակային տեղ` 6 բակալավրիատ, 7 մագիստրատուրա, 3 ասպիրանտուրա):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
- դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են)
- չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
- ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
- ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),
- 2 երաշխավորական նամակ (անգլերեն կամ չինարեն),
- անձնագրի պատճենը (չինական կողմից ներկայացված պահանջներին համապատասխան),
- բժշկական տեղեկանքներ` ըստ ներկայացվող ձևի ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ (անգլերեն լեզվով՝ չինական կողմից ներկայացված պահանջներին համապատասխան),
- 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
- Չինական կողմից պահանջվող այլ փաստաթղթեր (ցանկը կցվում է):
Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`
- ռեֆերատ՝ հայերեն լեզվով (10 էջ),
- օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+1):
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:
Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 8-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն/ արտաքին կապերի բաժին ( հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ. +37410-59-96-44; +374 10-59-96-46)։
Քննությունները տեղի կունենան 2021 թվականի փետրվարի 11-ից 19-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.campuschina.org կայքէջը:
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։
Թեկնածուները նաև պետք է կապ հաստատեն ՉԺՀ ընդունող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-59-96-44; +374 10-59-96-46)
Ծանոթություն. Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումով:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը` գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել: