ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացավ, որ հուլիսի 28-ին, 86 տարեկանում, Ֆրանսիայում կանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացու» մեդալակիր, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը: Նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Թորոս Ռասթկելենյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:

Թորոս Ռասթկելենյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 12-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: Ռասթկելենյանը սիրահարված է եղել արդարությանն ու ազատությանը, ինչն արտահայտվել է նրա քանդակներում: 1966 թվականին «Ազատագրված արաբ կինը» միջազգային մրցույթում Թորոս Ռասթկելենյանի «Ազատության ջահ» յոթմետրանոց արձանը շահել է առաջին մրցանակ և տեղադրվել Հալեպի հրապարակներից մեկում։ 1968 թվականից նրա աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների պատկերասրահներում ու ցուցասրահներում։ Ֆրանսիայի 30 քաղաքների հրապարակներում և պարտեզներում տեղադրված են նրա հեղինակած արձանները: Հեղինակի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող քանդակները տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում:

Անվանի քանդակագործը կերտել է նաև դիմաքանդակներ՝ «Սայաթ-Նովա», «Ստեփան Շահումյան», «Գալուստ Գյուլբենկյան» և այլն։ Քանդակագործի կերտած Սայաթ-Նովայի բրոնզաձյուլ կիսանդրին 2009 թվականին տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում։

2015 թվականին Թորոս Ռասթկելենյանը ժամանել է Հայաստան: Նա Հայաստանի Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտին է նվիրել Կոմիտաս վարդապետի քանդակը:

«Կոմիտասը մեզ լուսավորեց, և մեր պարտականությունն է միշտ հիշել և վառ պահել նրա հիշատակը: Մենք առավելություն ունենք այլ ազգերի նկատմամբ, քանի որ մեր ազգի ամեն մի ստեղծագործությունում առկա է ազգային ոճը»,- նշել է նա: