ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացավ, որ 82 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը։
Կիմ Աղաբեկյանը հայտնի գրականագետ էր, զբաղվել է գիտական հետազոտությամբ: Գրել է Գուրգեն Մահարուն, Հակոբ Օշականին, Հրանտ Մաթևոսյանին, ինչպես նաև 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակին նվիրված ուսումնասիրություններ։ Հայաստանի գրողների միության անդամ էր։ Կիմ Աղաբեկյանը գրական մամուլում հանդես է եկել ժամանակակից հեղինակների գործերին վերաբերող հոդվածներով։ 2013 թվականին Կիմ Աղաբեկյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Բացի Երևանի պետական համալսարանից՝ Կիմ Աղաբեկյանը դասավանդել է նաև Բեյրութում՝ Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկում, և Գորիսի պետական համալսարանում։
Կիմ Աղաբեկյանը կենսախինդ և կոլորիտային մարդ էր, սիրված՝ գործընկերների և ուսանողների կողմից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Կիմ Աղաբեկյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: