ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հուլիսից մինչև սեպտեմբեր կիրականացնի «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը՝ ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների շուրջ 60 աշխատակիցների համար: Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ ծրագիրն իրականացվում է հեռավար ձևաչափով:​ «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը մեկնարկել է հուլիսի 13–ին` Շիրակի մարզային և համայնքային գրադարանների աշխատակիցների վերապատրաստումով: Հաջորդիվ՝ դասընթացներին կմասնակցեն Լոռու, Արմավիրի և մյուս մարզերի ու համայնքների գրադարանավարները: Դասընթացները վարում են հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները: Ծրագրում ներառված են գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ համապատասխան 12 թեմաներով: Ծրագրի նպատակը մարզերի և համայնքների գրադարանների գրադարանավարներին մասնագիտական նոր հմտությունների և գիտելիքների փոխանցումն է, նորարարական փոխգործուն, ժամանակակից, համագործակցային գործելաոճի առանձնահատկությունների մատուցումը՝ միտված մարզերում գրադարանային գործի բարելավմանն ու զարգացմանը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի խոսքով՝ վարպետության դասերին մասնակից գրադարանավարները վերապատրաստման դասընթացների ընթացքում ձեռք կբերեն գիտելիքներ, կտիրապետեն մասնագիտական հմտությունների կիրառման նոր գործիքակազմին և աշխատաոճին: «Դասընթացի մասնակիցները ստացած գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն իրենց գործընկերներին՝ նպաստելով գրադարանային գործի զարգացմանն ու արդյունավետությանը»,- ակնկալվող արդյունքների մասին ասել է գրադարանի տնօրենը: Նշենք, որ նախատեսվում է ծրագիրը դարձնել շարունակական՝ ներգրավելով բոլոր մարզերի և համայնքների գրադարանավարներին: