Ա. Իսահակյանի տուն-թանգարանն իրականացնում է համահայկական առցանց կրթական ծրագիր՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 145- ամյակին: Ծրագիրն անցկացվում է Հայաստանում և սփյուռքում բնակվող բոլոր տարիքի անձանց համար:

Մասնակիցները պետք է այցելեն իրենց տարածքում գտնվող որևէ հայտնի և անհայտ, պատմական հուշարձան, ուսումնասիրեն դրա պատմությունը, կատարեն տեսա-ֆոտո նկարահանումներ` հեռախոսով /կամ նախընտրած տեխնիկայով/, շրջայց կատարեն և վեր հանեն հուշարձանի արդի խնդիրները: Հավաքված նյութով ստեղծեն վիդեո կամ ֆոտո ռեպորտաժ, որը կպատմի հուշարձանի պատմությունը և կներկայացնի արդի վիճակը, կառաջարկի գաղափարներ ու տեսլականներ` տվյալ հուշարձանի պահպանման, զարգացման վերաբերյալ: Արդյունքում` մեծ թվով երեխաներ, ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ, կներգրավվեն հետաքրքիր, ինտերակտիվ հայրենաճանաչության դասընթացի:

Ծրագրի նպատակն է դպրոցականներին հնարավորություն ընձեռել այցելելու իրենց տարածաշրջանում գտնվող հուշարձանները, ուսումնասիրել դրա պատմությունը, հասկանալ պատմական բարձր արժեքը, դիտարկել արդի վիճակը: Գործնականում հասկանալ նշված հուշարձանների կարևորությունը, տուրիստական գոտիների ստեղծման անհրաժեշտությունը` իրենց համայնքի զարգացման գործում: Նորարարական տեխնոլոգիաների միջոցով ստեղծել վիդեո-ֆոտո ռեպորտաժներ, որոնք կտարածվեն, հասու կլինեն մյուս աշակերտներին՝ կծանոթացնեն ընկերների կատարած աշխատանքին: Ծրագիրը կնպաստի աշակերտների մեջ սեփական մշակութային արժեքների նկատմամբ հոգացության ձևավորմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է առցանց քննարկում. մասնակցների հետ կքննարկվեն ծրագրի ձևաչափերը, մասնագետի կողմից կանցկացվի դասախոսություն՝ հուշարձանի ներկայացման, առաջնահերթությունների վերաբերյալ: Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու միմյանց հետ և համագործակցելու:

Մասնակիցների կողմից պատրաստվող նյութերը կքննարկվեն մասնագիտական խմբի հետ, կկազմակերպվի առցանց հանդիպում պատրաստի նյութերի քննարկման նպատակով, նյութերի հանրայնացում՝ թանգարանի ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով, լավ աշխատանքների խրախուսում:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝

https://docs.google.com/forms/d/1F-v693IOZM07jyd_QgHBzeDdPIw2BitMTMc9pilzhqM/edit

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել https://www.facebook.com/AvetikIsahakyanhousemuseum ֆեյսբուքյան էջին: