«Հիվանդները փորձում են մեր աչքերում գտնել հավատը, որ վերադառնալու են նախկին կյանքին։ Շատերը, կարծես, զգալով, որ մահանալու են, բռնում են ձեռքդ, խնդրում փրկել և հարցնում․ «Ամեն ինչ լավ է լինելու, չէ՞․․․»»,- վերջին 4 ամիսների իր աշխատանքի մասին է պատմում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Էլմիրա Իսախանյանը։

Համալսարան ընդունվելիս Էլմիրան ինֆեկցիոնիստ դառնալու մտադրություն չի ունեցել, սակայն, երկու տարի առաջ մասնագիտացումն ընտրելիս մտածել է՝ մեր երկրում երիտասարդ ինֆեկցիոնիստների կարիք կա, և որոշել ուսումը շարունակել մանկական ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում, իսկ վերջին ամիսներին հստակ հասկացել է՝ չի շեղվելու ընտրած ճանապարհից։

Հայաստանում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքից սկսած՝ Էլմիրան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում միացել է համավարակի դեմ պայքարին՝ անգամ մեկ րոպե չերկմտելով: «Մտորելու հարց չի եղել․ սա իմ պարտականությունն ու աշխատանքն է։ Սկզբում դժվարությունները շատ էին, մասնագետների պակաս կար, բայց համալսարանի օրդինատորներով կանգնած էինք բժիշկների թիկունքին, միմյանց ուժ էինք տալիս։ Հետո աշխատանքը կանոնակարգվեց, պայքարում ներգրավվեցին մեծ թվով տարբեր պրոֆիլների մասնագետներ»,- ասում է Էլմիրան։

Մարտից ԵՊԲՀ-ի ուսանողուհու կյանքը չի շեղվում հիվանդանոց-հյուրանոց ճանապարհից, աշխատանքը «որքան անհրաժեշտ է» ռեժիմով է, հարազատներին շատ է կարոտում, բայց ինչպես փաստում է, հիվանդանոցում իր կարիքն ավելի շատ ունեն: «Այս ընթացքում ամենաշատը մեր տունն եմ կարոտում, մեր բակը, պարզապես առավոտյան տանն արթնանալը։ Ընտանիքիս տեսել եմ, բայց շատ կարճ ժամանակով ու պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Հիվանդանոցում հերթապահում ենք, հետո գնում բուժաշխատողների համար առանձնացված հյուրանոց և կրկին վերադառնում։ Արդեն սկսել ենք հյուրանոցին տուն ասել․․․»,- անկեղծանում է Էլմիրան։

Պատմում է՝ երբեմն թվում է, թե ուժասպառ ես եղել, բայց հետո երկրորդ, երրորդ շնչառությունն է բացվում, իսկ ուժ տվողներն ապաքինվող հիվանդներն են․ «Նրանց աչքերի փայլն ու ժպիտով շնորհակալություն հայտնելն օգնում է շարունակել պայքարը»։

Էլմիրան ասում է՝ անգամ ամենավատ երազում չէր կարող պատկերացնել, որ մասնագիտության բերումով մի օր նման փորձության է հանդիպելու, բայց այժմ նոր իրողությունն ընկալում է որպես աննախադեպ փորձ լավ բժիշկ դառնալու ճանապարհին․ «Մենք՝ օրդինատորներս, այս ընթացքում ավելի տոկուն, դիմացկուն ենք դարձել և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն։ Բացի այդ, սկսել ենք մեր կյանքին կողքից նայել, նկատել թերությունները, որոնք ուղղելու կարիք կա։ Մեզանից շատերն այս ամիսներին հասկացել են, թե ինչն է իրենց համար ամենակարևորն ու կյանքի հետագա ծրագրեր կազմել։ Օրինակ՝ ինքս վերջնականապես հասկացել եմ, որ շարունակելու եմ սկսածս ճանապարհն ու մանկական ինֆեկցիոնիստ եմ դառնալու։ Հույս ունեմ՝ առաջիկայում ավելի շատ ուսանողներ կընտրեն այս կարևոր մասնագիտությունը»։

Այս պայքարում Էլմիրայի և իր ընկերների համար ամենացավոտը շատերի անլուրջ վերաբերմունքն է։ Ասում է՝ բարդ է ամեն օր բախվել տարբեր պատմությունների, կյանքեր փրկելու համար պայքար մղել, իսկ հետո տեսնել՝ ինչպես են շատերը դժկամություն հայտնում դիմակ կրելու համար կամ կարծիք հայտնում, թե համավարակ չկա։ Էլմիրան անկեղծանում է՝ այս երկու տարբեր իրականությունների բախման արդյունքում երբեմն չարտասվել չի լինում, պետք է թեթևանաս, բայց հետո սրբես արցունքները և կրկին անցնես հյուրանոց-հիվանդանոց ճանապարհով, չէ՞ որ քեզ ու քո օգնությանը սպասողներ կան, պետք է լինես հիվանդների կողքին, բռնես նրանց ձեռքը, երբեմն պարզապես լսես և ցրես վատ մտքերը։

Պատրաստեց Գայանե Աբասյանը