Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը Իտալիայի Պալերմո քաղաքի «Sole Luna Doc» միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին:

«Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են արտագնա աշխատանքի, իսկ կանայք այդ ընթացքում դառնում են տան տղամարդը: Ռեժիսոր Թամարա Ստեփանյանը ֆիլմում բացահայտում է, թե ինչպես են գոյատևում այդ ընտանիքները և ինչպես են կանայք միանգամից վերափոխվում, դառնում առավել կանացի՝ երբ վերադառնում են ամուսինները:

2020 թվականի հունիսին «Կանանց գյուղը» ֆիլմը «La Scam 2020»-ի շրջանակում ևս արժանացել է մրցանակի՝ ստանալով կազմակերպության կողմից շնորհված 30 աստղերից մեկը: Աստղեր ստացած ֆիլմերը, իրենց հեղինակների մասնակցությամբ, հանդիսականին կներկայացվեն «Festival Les Étoiles» վավերագրական ֆիլմերի փառատոնի ընթացքում՝ նոյեմբերի 7-8-ին «Forum des images» ֆորումին: 2019 թվականին ֆիլմն ընդգրկվել էր միջազգային հեղինակավոր «DokLeipzig» 62-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում, որտեղ կայացել է «Կանանց գյուղը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

Ֆիլմը համատեղ արտադրություն է՝ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության:

«Ես կհաջողեմ, եթե յուրաքանչյուր հանդիսատես իր փոքրիկ բաժինը քաղի իմ ֆիլմից»,- նշել է Թամարա Ստեփանյանը:

Թամարա Ստեփանյանը հինգ ֆիլմի հեղինակ է՝ երկու կարճամետրաժ խաղարկայինՓոքր քարեր», «Փետրվար 19») և երեք լիամետրաժ դոկումենտալԱնթեղ», «Ձյուն կար» և «Կանանց գյուղը»):