ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կազմակերպած` Շվեդիայի կառավարության աջակցությամբ և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործընկերությամբ իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրով առցանց սեմինար–հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի սաները:

Ա. Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին և կազմակերպիչներին՝ հատկապես կարևորելով երիտասարդների մասնակցությունը ծրագրին, ինչը, նրա խոսքով, վկայում է ակտիվ և պատասխանատու քաղաքացի լինելու, մեր երկրում ժողովրդավարական գործընթացներին մասնակից դառնալու, կոռուպցիայի դեմ պայքարում առաջամարտիկ լինելու ցանկության մասին: «Կոռուպցիան կարող է աղետալի հետևանքներ ունենալ ցանկացած պետության կյանքում, և այն վերացնելու համար կարևոր է ոչ միայն պետության, այլև հասարակության յուրաքանչյուր անդամի ջանքը և հետևաբար մեծապես կարևորվում է նմանատիպ կրթական ծրագրերի կյանքի կոչումը»,-ասել է նախարարի տեղակալը:

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ է հակակոռուպցիոն կրթությունը և տեղեկացրել, որ հակակոռուպցիոն մտածելակերպը արտացոլված է հանրակրթության պետական չափորոշչի՝ ներկայում շրջանառվող նախագծում, որտեղ առանձնացված է ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության ձևավորումը: Նա նաև կարևորել է ոչ ֆորմալ կրթության դերը հակակառուպցիոն մտածելակերպի ձևավորման և տարածման գործում՝ կոչ անելով երիտասարդներին առավելագույնը քաղել այս դասընթացից և ստացած գիտելիքը կիրառել որպես իրազեկ և պահանջատեր քաղաքացի՝ ներդրում ունենալով կոռուպցիայի դեմ պայքարում:

Սեմինարի ընթացքում մասնակից աշակերտներին մանրամասն ներկայացվել է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի բովանդակությունը, որի հիմնական նպատակն է հակակոռուպցիոն ոլորտում սովորողների գիտելիքների և կարողությունների ապրապնդումը և նրանց ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարին՝ ակտիվ քաղաքացիության միջոցով: