ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով հուլիսի 4-6-ը եղել է Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Հուլիսի 7-ին նախարարը կայցելի Արցախի Հանրապետություն։

Նախարարն այցելել է պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և նորոգվող կրթական հաստատություններ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև հետևել Արտաշատի, Եղեգնաձորի, Գորիսի և Կապանի մարզային քննական կենտրոններում ընթացող միասնական քննություններին։

Նախարարը համոզվել է, որ քննական կենտրոններում անվտանգության բոլոր կանոնները պահպանված են՝ ապահովվել է սոցիալական հեռավորությունը դիմորդների միջև, կատարվել է ջերմաչափում, քննություն հանձնողներն ու կազմակերպիչները կրել են դիմակներ։ Նախարարը զրուցել է դիմորդների հետ, նրանց մաղթել հաջողություն, և կոչ արել ծնողներին զերծ մնալ քննական կենտրոնների մոտակա տարածքներում հավաքվելուց։

Նախարար Ա. Հարությունյանը այցելել է Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության մեծածավալ աշխատանքներ։ Այս դպրոցը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերակառուցվող 13 դպրոցներից մեկն է, որոնցից 5-ի շինարարությունն արդեն ավարտված է, 8-ում աշխատանքները դեռ շարունակվում են։ Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններում կապահովվեն ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները։ Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:

Նախարարը ծանոթացել է նաև Պրոֆեսոր Երիցյանի անվան Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի նախագծման աշխատանքներին, որոնք ավարտական փուլում են: Շենքի կառուցումը կմեկնարկի այս տարի, ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում այս տարի հանրապետությունում կհիմնվի 21 նոր նախակրթարան, այդ թվում՝ 3-ը՝ Սյունիքի, 5-ը՝ Արարատի մարզերում։ Բոլոր համայնքներում նախակրթարանները հիմնվում են դպրոցների հենքի վրա։ Նախապես կատարվել է կարիքի գնահատում և ընտրվել են այն համայնքները, որոնք մանկապարտեզ չեն ունեցել։

ԿԳՄՍ նախարարի հերթական կանգառը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում էր, որը սեպտեմբերին կունենա նոր նախակրթարան: Այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Սյունիքի մարզի Քարաշենի և Վաղատուրի միջնակարգ դպրոցներին կից ևս նոր ուսումնական տարում դռները կբացեն նոր նախակրթարանները։

Նախարարն այցելել է նաև Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի 1-ին նոր նախակրթարաններն արդեն շահագործման կհանձնվեն։ Արարատի մարզում սեպտեմբերին նոր նախակրթարաններ կբացվեն նաև Արարատ և Նարեկ համայնքներում։ Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և ամբողջ ծավալով:

Նախարար Ա. Հարությունյանը շրջել է նաև Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի անմխիթար վիճակում գտնվող դպրոցում։ Շենքի վերանորոգումն ընդգրկված է պետական դպրոցաշինության ծրագրում․ ՀՀ կառավարության հուլիսի 2-ի նիստում ֆինանսական միջոցներ են հատկացվել նախագծային աշխատանքների իրականացման համար, որն ավարտելուց հետո կներկայացվի դպրոցի շինարարության ֆինանսավորման հայտը:

Մարզային այցի շրջանակում նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է նաև Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ։

Նախարարի մարզային այցը շարունակվում է։