Իմ աշխատանքային տարիների ընթացքում շատ անգամ են կողք կողքի հայտնվել սկզբնական դժվարություններն ու դրանց հաջորդող դրական արդյունքներն ու հաջողությունները:

Տղան, որի մասին ուզում եմ պատմել, այս տեսանկյունից բացառություն չէ, բայց ուշագրավն այն է, որ նրա հետ աշխատանքը սկսվեց անհաղթահարելի թվացող դժվարություններով: Իրավիճակն այսպիսին էր՝ աշակերտը չէր խոսում, գրեթե միշտ գտնվում էր լարված, հուզական անկայուն վիճակում, ուղղակի չէր արձագանքում խոսքային հրահանգներին: Այդպիսով, իմ անմիջական կապը նրա հետ միայն հայացքների փոխանակումն էր: Եվ անկեղծ ասած, հենց այստեղ տեղի ունեցավ անսպասելին. ինձ հաջողվեց աստիճանաբար հասկանալ նրան, և հիմա կարող եմ ասել, որ տղան այդ ժամանակ սկսել էր խոսել հայացքով: Այո, ինչ-որ առումով նրա հայացքն իր մտքերի արտահայտման յուրատեսակ միջոց էր:

Վերջապես, դրական այս մթնոլորտի ստեղծումը հնարավորություն տվեց տղայի հետ աշխատել ավելի արդյունավետ: Պարզ դարձավ, որ նա իրեն ավելի համարձակ է պահում ոչ այնքան անհատական, որքան իր ընկերների հետ խմբային պարապմունքների ժամանակ: Շուտով ի հայտ եկան առաջին հաջողությունները: Եթե մինչ այդ տղան ոչ մի արտաբերական, շնչառական, ձայնային վարժություններ չէր կատարում, ապա հետզհետե նրա մոտ այդ ամենը դարձավ հետաքրքիր: Եթե մինչ այդ նա որևէ կերպ հետաքրքրված չէր պարապմունքներով և միայն ձեռքով ցույց էր տալիս դռան կողմը, աստիճանաբար, նա սկսեց ժպտալ և իրեն պահել ավելի աշխույժ և ուրախ: Ինչ խոսք, այս թերևս ոչ մեծ դրական փոփոխությունն իսկապես ոգևորող էր:

Հիմա թե՛ մասնագետ մանկավարժի, թե՛ կողքից դիտողի համար տղայի մոտ նկատվում է զգալի փոփոխություն՝ ուշադրության կենտրոնացում, հիշողության մտապահում, վերարտադրում, ակնառու-պատկերավոր մտածողության զարգացում, խոսքային ակտիվություն:
Կասկածից վեր է, որ յուրաքանչյուր մասնագետի աշխատանքի արդյունքն իր հետ բերում է դրական հույզեր, և ես ուրախ եմ, որ ներկայացրի իմ հաջողության պատմությունը, որի մեջ ամենակարևորն այն է, որ տղան խոսում է, իր ընկերներից անբաժան՝ մտնում է չորրորդ դասարան:
Թեև նրա խոսքի մեջ դեռևս նկատվում են այլ դժվարություններ, դա էլ հաղթահարելի է հետագա համատեղ աշխատանքի միջոցով: