2020 թվականի համար նախատեսված է դրամաշնորհ 150 նոր ստեղծագործությունների համար, որոնց հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը և պետք է հրատարակված լինեն մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:
Programa Sur ծրագիրը ստեղծվել է 2009 թվականին նպատակ ունենալով աշխարհում խթանել արգենտինյան մտքի և գրերի տարածումը՝ արգենտինացի հեղինակների իսպաներեն հրատարակված ստեղծագործությունները ցանկացած պահանջվող լեզվով թարգմանելու դրամաշնորհների միջոցով:
Մինչ օրս Programa Sur-ը տրամադրել է 1472 դրամաշնորհ 46 լեզուներով թարգմանված աշխատանքների համար, որոնց հրատարակումը ներառում է 5 մայրցամաքների 51 երկիր:
2010 թվականից ի վեր Programa Sur-ի շրջանակներում իսպաներենից հայերեն են թարգմանվել արգենտինացի հայտնի գրողներ Խուլիո Կարտասարի, Անա Մարիա Շուանի, Խորխե Լուիս Բորխեսի, Լեոպոլդո Լուգոնեսի և այլոց գործերը:
Աշխատանքները պետք է գրված լինեն իսպաներենով արգենտինացի հեղինակների կողմից և նախապես խմբագրված լինեն: Ստեղծագործությունները կարող են լինել գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական և ցանկացած գրական ժանրի:
Դրամաշնորհի չափը չի կարող գերազանցել 3200 ԱՄՆ դոլարը:
Ընտրական կոմիտեն բաղկացած է արգենտինյան գրականության մասնագետներից: Կոմիտեն պատասխանատու է դրամաշնորհային հայտի գնահատման և գումարի չափի որոշման համար: 2020 թվականի հայտերը գնահատելու համար Կոմիտեն հանդիպում է տարին երկու անգամ՝ հուլիսին և նոյեմբերին:
Ծրագրի մասնակցության հայտի ձևը ներբեռնելու, ինչպես նաև այլ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել http://programa-sur.cancilleria.gob.ar/en/ կայք կամ կապ հաստատել Հայաստանում Արգենտինայի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների հետ: