Լեհաստանի ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA – Narodowa Agencja Wymiany Akademickiej) նախաձեռնել է Լեհաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի միջազգայնացմանն ուղղված «NAWA դասախոսության հյուրընկալում» (NAWA Chair programme) նոր ծրագրի մեկնարկը:
NAWA-ի կողմից առաջարկվող ծրագրի նպատակն է օժանդակել ամենաբարձր որակի ակադեմիական, հետազոտական և դիդակտիկ աշխատանքներին, որոնք իրականացվում են Լեհաստանի ակադեմիական և գիտական միավորումների կողմից` համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին ընդգրկելով այդ աշխատանքների կատարման գործընթացում: Ծրագիրը հնարավորություն կընձեռի լեհական համալսարաններին, գիտական և հետազոտական ինստիտուտներին Լեհաստան հրավիրել իրենց համար թեմատիկ առաջնայնություն ունեցող ոլորտներից ականավոր մասնագետների, ովքեր կնպաստեն էական նշանակություն ունեցող գիտական հետազոտությունների իրականացմանը, կամրապնդեն ուսուցողական գործունեությունը և այդ հաստատություններին կաջակցեն հեղինակավոր դրամաշնորհների համար հայտեր պատրաստելու գործում: Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի 36-48 ամիս ժամանակահատվածով աշխատանքի ընդունել աշխարհի տարբեր երկրներից միջազգային նվաճումներ ունեցող ակնառու գիտնականներին և նրանց համար ստեղծել աշխատանքային խումբ: Ծրագրի առաջին մեկնարկը բաց է հումանիտար, սոցիալական և աստվածաբանական գիտությունների ոլորտների ներկայացուցիչների համար: Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020 թ․ հուլիսի 31-ն է:

Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից: