Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով /7 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա/ և հետբուհական /1 տեղ՝ ասպիրանտուրա/ կրթություն ստանալու նպատակով:

Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող և բարձր առաջադիմություն ունեցող ՀՀ քաղաքացիները (Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են):

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  1. դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
  2. ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ (կցվում է),
  3. ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
  4. ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
  5. բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
  6. բժշկական տեղեկանք /հավելված/ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
  7. ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
  8. ինքնակենսագրություն (CV) /անգլերեն, 3 էջից ոչ ավել/,
  9. անձնագրի պատճենը,
  10. 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
  11. արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`

  1. ռեֆերատ՝ հայերեն լեզվով (10 էջ),
  2. օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ,
  3. Ռումինիայում գիտական ղեկավարի նախնական համաձայնությունը:

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի

6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է 1-13-րդ կետերով պահանջվող փաթեթը ներկայացնեն առցանց՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության international@escs.am և secretariat@escs.am էլեկտրոնային հասցեներին։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետ է սահմանված 2020 թվականի հունիսի 25-ը։

Մրցույթում հաղթող ճանաչված դիմորդները պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն 2 օրինակ՝ պատճենի հետ միասին (1+1):

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ մրցույթում հաղթող ճանաչված ՀՀ քաղաքացիների գործուղումը Ռումինիա կիրականացվի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո՝ ռումինական կողմի հետ համաձայնեցված ժամկետներում։

Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ՀՀ ԿԳՄՍՆ, ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.+374 10-599-644)։

Ծանոթություն.

Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումով:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: