Հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը կշարունակվի նաև համավարակի պայմաններում` «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով:
Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև:
Ողջունելով ծրագրի այս փուլի մեկնարկը`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր գոհունակությունն է հայտնել, որ Պարենի համաշխարհային ծրագրի հետ ծրագրի իրականացման վերանայման արդյունքում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը շարունակվել է նաև 2019-2020թթ.-ի ուսումնական տարվա վերջին, երբ դպրոցները առկա ուսուցում չէին իրականացնում: Փոխնախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև վերջերս ստորագրված համաձայնագրի հիման վրա ներկայում պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը: «Մոտ ապագայում Պարենի համաշխարհային ծրագրի հետ կստորագրենք մտադրությունների մասին նամակ, որով կսահմանենք համագործակցության նոր սկզբունքներ և մեր գործընկերների հետ ակտիվ կաշխատենք «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ավելի մեծ թափով իրականացնելու համար»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը և ընդգծել, որ կառավարությունը կարևորում է ծրագիրը և դրանում նոր բաղադրիչների` դպրոցներում խոհանոցային ենթակառուցվածքների հետագա զարգացման, տեղական արտադրության մթերքների վրա հիմնված դպրոցական սննդի տրամադրման ներառումը:

Նշենք, որ «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Պարենի համաշխարհային ծրագիրը կհատկացնի շուրջ 233 մլն դրամ՝ որպես միանվագ աջակցություն՝ համավարակի պայմաններում ծրագիրը Երևանում և բոլոր մարզերում արդյունավետ իրականացնելու նպատակով: Ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները, որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական դրամ: Դրամական կանխիկ փոխանցումները ստանալու համար շահառուները կնույնականացվեն, ամբողջական ցուցակը կփոխանցվի Պարենի համաշխարհային ծրագրին և Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամին: Փոխանցումը կիրականացվի նույն սկզբունքով, որով կատարվում է ընտանեկան նպաստի վճարումը:

Հավելենք, որ համաձայն ՀՀ կառավարության և ՊՀԾ–ի միջև գործող պայմանավորվածության, 2020թ.-ի հունիսի դրությամբ ՀՀ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը, իսկ մնացած մարզերում ծրագիրն իրականացվում է ՊՀԾ աջակցությամբ: Հայաստանում ծրագրի դոնորը Ռուսաստանի Դաշնությունն է: