ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ԲՏՃՄ առարկայական չափորոշիչների/ծրագրերի փորձարկմանն ընդառաջ հայտարարում է թարգմանիչների մրցույթ՝ վերոնշյալ առարկաների դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման աշխատանքներին աջակցելու նպատակով:

Ծրագրով նախատեսվում է մշակել դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները:

Թարգմանիչները կաջակցեն բնագիտական առարկաների, ինֆորմատիկայի, աշխարհագրության և մաթեմատիկայի առարկայական աշխատանքային թիմերում դասավանդման և ուսումնառության նյութերի մշակմանը, մասնավորապես, կօժանդակեն նյութերի թղթապանակի, տիպային նմուշների, ուսուցիչների ձեռնարկների մշակմանը։

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ ուղղություններով թարգմանիչներ՝

Կենսաբանություն

Քիմիա

Աշխարհագրություն

Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն

Մաթեմատիկա

Ես և շրջակա աշխարհ

Ֆիզիկա

Բնագիտություն

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական(CV) և հետաքրքրության նամակ (առավելագույնը 1 էջ) curriculum@edu.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հունիսի 14-ը:

Թեկնածուները, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել հարցազրույցի։